Սարոյանի հայտնի հեծանիվն ու բառից անդին գույները․ ցուցադրությունն ամփոփվեց
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի հայտնի հեծանիվն այսօր կհայտնվի տարբեր լուսանկարներում։ Գրականության և արվեստի թանգարանն առավոտից բազմամարդ էր։ Ավարտին մոտեցավ Վիլյամ Սարոյանի ստեղծագործության մեկ այլ՝ ոչ գրական կողմը ներկայացնող ցուցադրությունը։
ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացված «Սարոյանական գույներ․ բառերից անդին» ցուցադրությունը ներկայացնում էր գրողի ավելի քան 100 նկարչական աշխատանքներ։ Ցուցադրվում էր նաև Սարոյանի հեծանիվը, որը նրան նվիրել էին Հայաստանում 1978թ․-ին։
Միջազգային ցուցադրության փակման արարողությունը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահը, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները։
«Մարդիկ այս ընթացքում իսկապես զարմանքով ու հիացումով են դուրս եկել թանգարանից, քանի որ ցուցադրության միջոցով հնարավոր դարձավ բացահայտել Սարոյան նկարչին», - ասաց ԳԱԹ-ի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։ Ցուցադրությունը գործում է սեպտեմբերից։
Սարոյանն իր նկարչական աշխատանքների զգալի մասն ստեղծել է գրական աշխատություններին զուգընթաց։ Այսօր այդ աշխատանքներից 2-ը մնում են, մնացածը՝ կրկին վերադառնում Սարոյանի ծննդավայր՝ ԱՄՆ։
«Նկարների վերադարձը մեզ մի փոքր տխրեցնում է, բայց ուրախությամբ եմ հայտարարում, որ «Վիլյամ Սարոյան հիմնադրամն ու ԳԱԹ-ը կնքում են համագործակցության հուշագիր, որի շրջանակում այս նախաձեռնությունը կդառնա ամենամյա», - հավելեց թանգարանի տնօրենը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ իր համար շատ կարևոր է ներկա գտնվել այս համագործակցության ամփոփմանը․ «Հիշում եմ, թե ինչպես էինք քննարկում հնարավորությունը, որ «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ Գրականության և արվեստի թանգարանում ունենանք ցուցադրություն և նորովի բացահայտենք Սարոյանին։ Շատ ուրախ եմ, որ խոսքերը գործ են դառնում»։
Նա այս առիթով նախորդ տարի «Սարոյան» հիմնադրամից նվեր ստացած նկարը հանձնեց Գրականության և արվեստի թանգարանին՝ ընդգծելով, որ այդ ստեղծագործության պահպանության և հանրությանը ներկայացնելու համար ավելի համապատասխան վայր պարզապես չի կարող լինել։
«Մեծ սիրով եմ նկարը նվիրում թանգարանին։ Պետք է նշեմ, որ սա պատահական նվեր չէ։ Սարոյանի այս գործը ստեղծված է 1973թ․ սեպտեմբերի 21-ին, որը մեր երկրի անկախության օրն է, և սեպտեմբերի 21-ին նկարված գործը Գրականության և արվեստի թանգարանում ներկայացնելն առանձնահատուկ նշանակություն և իմաստ ունի», - նշեց Ժաննա Անդրեասյանը։
«Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանն առանձնահատուկ անդրադարձավ նկարին, որը նախարարը նվիրեց ԳԱԹ-ին․ «Ինչպես գիտեք՝ Սարոյանը խոսել, բայց չի գրել հայերեն։ Այս նկարի վրա պատկերված են հայերեն տառեր, որոնք կարծես արտացոլում են նրա յուրօրինակ մոտեցումը հայերենին ու մեր այբուբենին», - ասաց հիմնադրամի նախագահը։
Նրա խոսքով՝ սա լավագույն ցուցահանդեսն է, որը վերջին 40 տարում եղել է համայն աշխարհում․ «Վիլյամ Սարոյանն իսկապես գոհ կլիներ այն ամենից, ինչը կազմակերպվեց այստեղ», - հավելեց Սեդրակյանը։
Թանգարանում ցուցադրվում էին նաև «Սարոյանական օրեր» միջոցառումների շրջանակում Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի (COAF) կազմակերպած արվեստի մրցույթի շրջանակում ստեղծված նկարները։ Ցուցադրության փակման արարողությանը ներկա էին մրցույթում բարձր տեղեր զբաղեցրած մասնակիցները, որոնք վերջում պարգևատրվեցին մրցանակներով։