Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 18-ը փետրվարի․ Երգեցին, խաչակնքվեցին ու սկսվեց․․․․ (տեսանյութ)

1998-ի փետրվարի 18-ին Հայաստանի սոցիալիստական կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրում Կարեն Դեմիրճյանին: Այս կուսակցությունը դեմ է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությանը, որովհետեւ Հայաստանի քաղաքացիություն չունենալու պատճառով Հայաստանի վարչապետն իրավունք չունի առաջադրվելու:

Նույն օրն Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունում է «Հեռահաղորդակցության մասին» օրենքը: Այս օրենքով «Արմենթելին» տրվում է 15 տարի ժամկետով հեռահաղորդակցական ծառայություններ մատուցելու բացառիկ հնարավորություն:

Երկու շաբաթ առաջ իշխանությունից հեռացած ՀՀՇ-ի ներկայացուցիչ Արա Սահակյանը վտանգավոր է համարում այս մենաշնորհը:

Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը Հայաստանի առաջիկա նախագահի ընտրություններում ավելի մեծ է համարում Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալու հնարավորությունները : Կարեն Դեմիրճյանին նա համարում է կարոտախտային տրամադրություններ ունեցողների թեկնածուն: Ի դեպ, Քոչարյանի քաղաքացիություն չունենալու սահմանադրական արգելքը այս մարդը խոչընդոտ չի համարում: Ըստ նրա այդ արգելքն ավելի շուտ սահմանադրության հիմար ձեւակերպման հարց է:

1999-ի փետրվարի 19-ի խորհրդարանի ճեպազրույցներին հրաժարվում են մասնակցել ընդդիմադիր «Հանրապետություն» եւ «Շամիրամ» խմբակցությունները: Ասուլիսին ներկայացողների մի մասը Քոչարյանին պաշտոնանկ անելու Դավիթ Շահնազարյանի երեկվա նախաձեռնությունը հիմնավորված չի համարում, սակայն պաշտոնանկությանը կողմ են «Հայրենիք» եւ ԱԺՄ խմբակցությունները: Արամ Մանուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախորդ տարվա հրաժարականից հետո կառավարության վերջին ՀՀՇ-ական անդամն էր:

1999-ի այս օրը նա ազատվում է մշակույթի փոխնախարարի պաշտոնից: Լրագրողներին ասում է, որ ազատումը ոչ մի շոշափելի հիմք չուներ: Ինքը պաշտոնում մնալը համարում էր գեղեցիկ առաքելություն՝ միմյանց չհանդուրժող կուսակցությունների՝ Դաշնակցության եւ ՀՀՇ-ի ներկայացուցիչներն աշխատում էին միասին: Դաշնակցական նախարար Ռոլանդ Շառոյանի հետ իր աշխատանքն Արամ Մանուկյանը համարում է հաջողված:

Հայրիկյանի կուսակցության 1999-ի այսօրվա հանրահավաքն սկսվում է իր կուսակցության անդամներից կազմված երգչախմբի ելույթով: Այնուհետեւ խաչակնքվում են ու սկսվում է գրեթե ծեծուջարդը: Իսկ Հայրիկյանը մարդկանց կոչ է անում հիշել, որ խորհրդարանի առաջիկա ընտրություններին չպետք է կորցնել պատմական պահը : Հաջորդ տարի այս օրը Հայրիկյանի շքախումբն անվրդով գնում է Գառնի նշելու 1921-ի ապստամբությունը: Այն հենց Գառնիից է սկսվել: Հայրիկյանն այստեղ հիշում է, որ եթե ԱԻՄ-ը չլիներ, այսօրվա անկախ Հայաստանը չէր լինի:

Նոր Նորքի բնակիչները 2002-ի փետրվարի 18-ին իշխանություններից պաշտպանում են համայնքի եզակի կանաչ գոտիներից մեկը: Քաղաքապետարանն ինչ-որ մեկին թույլ է տվել այս այգում գազալցակայան կառուցել:Այս տարածքում պատմական արժեք ներկայացնող բազմաթիվ հուշարձաններ կան: 2012-ի փետրվարի 18-ին Երկրապահը համագումար է հրավիրում եւ նախագահի ընտրություններից մեկ տարի առաջ հայտարարում, որ սատարում է Սերժ Սարգսյանին:

2008-ին Մանվել Գրիգորյանը եւ Երկրապահը Տեր-Պետրոսյանի կողքին էր: Հիմա ընդդիմադիր լինելը բացառվում է:

2013-ի այսօրը Հայաստանում տեղի են ունենում նախագահի ընտրություններ: Հիմնական մրցակիցները երկուսն են՝ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Սերժ Սարգսյանը: Ընդհանուր առմամբ առաջադրվել էր 7 թեկնածու: Ոստիկանության տվյալներով ընտրողների թիվը 2 միլիոն 505 հազար է: Ամբողջ օրվա ընթացքում դիտորդները եւ վստահված անձինք տվյալներ են հրապարակում, որ Սերժ Սարգսյանի կողմնակիցներն իրենց թեկնածուի հաղթանակն ապահովելու համար դիմում են տոտալ կեղծիքների: