Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_3764
A A
Պաշտոնական

Լիճքի 15-ամյա բնակիչը գլխավոր դատախազին նամակ էր ուղարկել․ Աննա Վարդապետյանն այցելել է է նրան (տեսանյութ)

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի փետրվարի 16-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում, այցելել է Լիճք բնակավայրում ապրող 15-ամյա Արսեն Գասպարյանին, ով 2023 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակ էր ուղարկել Գլխավոր դատախազության էլեկտրոնային փոստին:

Իր նամակում Արսենը նշել էր, որ սովորում է 10-րդ դասարանում և նպատակ ունի դառնալ դատախազ. «Ձեր ելույթները շատ եմ դիտել ու շատ կցանկանայի հանդիպել ձեզ հետ, գոնե 10 րոպե զրուցել, հավատացեք դա ինձ շատ բան կտա»։

Աննա Վարդապետյանը 2023 թվականի նոյեմբերի 30-ին պատասխան նամակում շնորհակալություն էր հայտնել Արսեն Գասպարյանին և նշել. «Ես հավատում եմ Ձեր ցանկությանը: Ես վստահ եմ, որ Դուք ունեք կամք և համբերատարություն՝ հետևողականորեն կատարելագործելու Ձեր կրթությունն ու դառնալու Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկը, որովհետև հանցավորությունն անզոր է իրավական որակյալ գիտելիքի և վերլուծական մտքի դեմ:

Լինել դատախազ, նշանակում է լինել պատրաստ՝ պաշտպանելու հանցագործությունից տուժած անձանց իրավունքները, լինել անվախ՝ մեղադրելու հանրային բարիքի դեմ ոտնձգած անձին, լինել անզիջում՝ պետական ինստիտուտները քայքայող կոռուպցիոն դրսևորումների դեմ, դառնալ այն մարդկանց ձայնը, ով խոցելի լինելու պատճառով՝ հասարակության համար լսելի չէ»:

Նամակում Աննա Վարդապետյանն Արսեն Գասպարյանին խոստացել էր, որ իրենք անպայման կհանդիպեն:

Օգտվելով Գեղարքունիքի մարզի դատախազության 2023 թվականի աշխատանքներն ամփոփելու նպատակով մարզում գտնվելու առիթից՝ Աննա Վարդապետյանն այցելել է նամակի հեղինակին: Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ու Արսեն Գասպարյանը զրուցել են, քննարկել ապագա մասնագիտության ընտրության հետ կապված հարցերը, որից հետո Արսենն առաջարկել է այցելել և տեսնել իր դպրոցի և բնակավայրի գրադարանները:

Աննա Վարդապետյանը և Արսեն Գասպարյանը միասին այցելել են Լիճքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց, հանդիպել Արսենի դասընկերներին, դպրոցի տնօրենին, ուսուցիչներին, այդ թվում՝ Արսենի սիրելի դասղեկին և «Պատմություն» առարկայի ուսուցչին:

Այնուհետև, այցելել են Լիճք բնակավայրի գրադարան, որտեղ Արսենը պատմել է իր սիրելի հեղինակների, պատմվածքների, նորը սովորելու նկատմամբ հետաքրքրության, պետությանը ծառայելու ցանկության և իրավաբան դառնալու ծրագրերի մասին:

Գլխավոր դատախազն իր հերթին շնորհակալություն է հայտնել ապագա իրավաբանին և կրկին ընդգծել, որ հավատում է Արսենի ցանկությանն ու վստահ է, որ նա դառնալու է Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկը:

 

(Լուսանկարներն ու տեսանկարահանումը կատարվել են Արսեն Գասպարյանի ծնողների համաձայնությամբ):

 

Հանրային կապերի բաժին