Բացել լրահոսը Փակել լրահոսը
110124-Վահե-Ղազարյան-1024x682
A A
Պաշտոնական

ՔՀԿ-ները պահանջում են ոստիկանական բարեփոխումներին ուղղված խորհրդարանական լսումներ՝ ՆԳ նախարարի մասնակցությամբ

 

Հայաստանյան մի շարք ՔՀԿ-ներ նախատեսում են կոչ-պահանջագիր ներկայացնել ՀՀ Ազգային ժողով՝ Ներքին գործերի նախարարի մասնակցությամբ խորհրդարանական լսումներ անցկացնելու նպատակով։

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները խորը մտահոգություն են հայտնում ոստիկանության բարեփոխումների վիճակի և առանցքային խնդիրների լուծման բավարար առաջընթացի բացակայության վերաբերյալ։

Մտահոգ քաղաքացիները, ՔՀԿ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչները նախարարին հանրայնորեն հարցեր հնչեցնելու և պատասխաններ ստանալու հնարավորություն պիտի ունենան՝ քննարկելով ոստիկանության բարեփոխումների մարտահրավերներն ու խնդիրները։

Այս նախաձեռնությունը Հանրային լրագրության ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից վերջին ամիսներին իրականացվող հանրային արշավի[1] մի մասն է, որն ուղղված է ոստիկանության համակարգում հայտարարված բարեփոխումների պատշաճ կատարմանը։

[1] 2023 թ. հուլիսից մեկնարկած արշավն իրականացնում են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ և համակարգմամբ՝ «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում։

Արշավի շրջանակում ՔՀԿ-ները  նախաձեռնել են ստորագրահավաք՝ կոչ անելով, որպեսզի Ազգային ժողովում հրավիրվեն խորհրդարանական լսումներ, որտեղ ՀՀ ներքին գործերի նախարարը պարզաբանումներ կտա այն խնդիրների և խախտումների վերաբերյալ, որոնց մասին քաղաքացիները, քաղհասարակությունը ահազանգել են ու շարունակում են ահազանգել։

Այս նախաձեռնությունը կօգնի հանրային վերահսկողություն սահմանել ոստիկանության բարեփոխումների համար հատկացված զգալի միջոցների նկատմամբ, որպեսզի հարկատուների միջոցները ծառայեն իրենց նպատակին, այն է՝ օրենքին ծառայող և մարդու իրավունքները պաշտպանող ոստիկանություն ունենալուն։

Հետաքրքրված ՀԿ-ները կարող են միանալ այս նախաձեռնությանը, եթե․

  • Ցանկանում են ապրել մի հասարակությունում, որտեղ ոստիկանը բարեվարք է, կիրթ, ծառայում է օրենքին և պաշտպանում մարդու իրավունքները։
  • Մտահոգված են ոստիկանության համակարգում կոռուպցիայով, մարդու իրավունքների ոտնահարումներով, խոշտանգումներով ու համակարգում առկա անպատժելիությամբ։
  • Անբավարար են համարում ոստիկանության բարեփոխումները։
  1. Հանրային լրագրության ակումբ
  2. Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
  3. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  4. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
  5. Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
  6. Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
  7. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
  8. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
  9. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
  10. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
  11. «Փինք» իրավապաշտպան ՀԿ