Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Դուրս են հրավիրել բնակիչներից մեկին, բազմաթիվ հարվածներ հասցրել նրան, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ (տեսանյութ)

Անցած տարվա նոյեմբերի 9-ի երեկոյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժին ստացվեց հաղորդում. ահազանգել էին, որ Երևանի Հաղթանակ թաղամասում երկու մեքենայով մոտեցած անձինք զենքերով վիճաբանում են:

Անմիջապես նշված հասցե մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներով ժամանած անձինք դուրս են հրավիրել բնակիչներից մեկին, ինչից հետո ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրան, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ընթացքում դուրս են եկել նաև տղամարդու տնեցիները, սակայն ժամանած անձինք շարունակել են հասարակության հանդեպ դրսևորել բացահայտ անհարգալից վերաբերմունք, իսկ նրանցից մեկն էլ հանել է ինքնաձիգ ու կրակահերթ արձակել օդ:
Նախաձեռնվեց քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածի հատկանիշներով:
Թեև իրավապահներն արագ պարզեցին ժամանած տղամարդկանց ինքնությունը, սակայն նրանք խուսափեցին քննությունից, և ավելի ուշ որոշում կայացվեց նրանց նկատմամբ հայտարարել հետախուզում:
Այս ուղղությամբ Մալաթիայի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների, նաև բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 8-ի առավոտյան հինգ հետախուզվողները ներկայացան ոստիկանության Մալաթիայի բաժին: Նրանցից մեկը հետը բերել էր նաև հանցագործության գործիքը` ԱԿ-47 տեսակի ինքնաձիգը` լիցքավորված 17 փամփուշտով:
Նույն օրը նրանք ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին` հարցաքննության, ինչից հետո տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: