Բացել լրահոսը Փակել լրահոսը
զզ
A A
Հասարակություն

«Մարդու իրավունքները Հայաստանում 2023 թվականին» տարեկան զեկույց

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրապարակել է «Մարդու իրավունքները Հայաստանում 2023 թվականին» տարեկան զեկույցը:

 

2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունները և աղետի մասշտաբները դժվար է մեկնաբանել։ Շուրջ ինը ամիս շրջափակման մեջ պահելով Արցախը, պարբերաբար բնակչությանը զրկելով սննդից, էլեկտրաէներգիայից, գազից, դեղորայքից և այլ առաջին անհրաժեշտության միջոցներից, ենթարկելով նվաստացումների և ահաբեկումների՝ Ադրբեջանը, միջազգային «մտահոգությունների» և «խաղաղ ճանապարհով խնդիրները լուծելու» կոչերի ներքո հասավ իր վերջնական նպատակներին։ Ողջ փաստագրված պատմության ընթացքում հայերով բնակեցված, վերջիններիս մշակույթի և ինքնության կարևորագույն օջախներից մեկը՝ Արցախը, ամբողջությամբ հայաթափվեց բացահայտ և ագրեսիվ պատերազմի միջոցով։ Այս ամենի մեջ առավել աբսուրդային դերը թերևս բաժին ընկավ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո արցախահայերի ինքնորոշման իրավունքի երաշխավորի և աջակցողի դերը ստանձնած Հայաստանի Հանրապետությանը, որի ղեկավարությունը, «ձեռքերը լվանալով», լրացրեց լուռ և մտահոգ դիտորդների շարքերը։ Քսանմեկերորդ դարի առաջին քառորդը մոտենում է ավարտին և մենք ականատես ենք լինում, թե ինչպես է բնական հարուստ պաշարներով պետության կողմից մարդկության դեմ ուղղված և մանրամասն պլանավորված հանցագործությունը՝ տեղաբնակների նկատմամբ ագրեսիվ պատերազմը և զանգվածային վտարումը, լիովին ընդունվում իրեն քաղաքակիրթ համարող աշխարհի կողմից։

Բնականաբար, 2023 թվականին Հայաստանի ներպետական բոլոր զարգացումները պտտվեցին այս աղետի և դրա հետևանքների շուրջ։ Միևնույն ժամանակ իշխանությունները շարունակեցին ամրապնդել քաղաքական հետապնդումների, ոստիկանական բռնությունների և անպատժելիության մշակույթը, ինչպես նաև դատական համակարգի յուրացումը և սեփական իշխանության կենտրոնացումը որպես «բարեփոխում» ներկայացնելու գործելաոճը։

2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դատական համակարգից իշխանություններին ոչ ցանկալի դատավորների հեռացման, իրավապահ մարմինների կողմից խոշտանգումների, փաստաբանների նկատմամբ բռնությունների, քաղաքական հետապնդումների, ինչպես նաև պետական պաշտոնյաների և նրանց մերձավորների մասնակցությամբ միջադեպերի վերաբերյալ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել էր արտահերթ զեկույց։

Մանրամասն՝  այստեղ