Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ո՞վքեր են զինում Ադրբեջանին ու Հայաստանին. զենքի մատակարարման աղբյուրները. ՏԵՂորոշում

Ամերիկայի ձայն

«ՏԵՂորոշում» նախագծի շրջանակում «Ամերիկայի ձայնն» անդրադառձել է մինչև 44 օրյա պատերազմը և դրանից հետո Հայաստանին ու Ադրբեջանին զենք մատակարարելու թեմային՝ հենվելով Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցի ու փորձագետների գնահատականների վրա

Երբեք չենք մատակարարում սպառազինություն այնպիսի տարածաշրջաններ, ուր նման մատակարարումը կարող է ապակայունացնել իրավիճակը` լինի դա Անդրկովկասը, Մերձավոր, թե Միջին Արևելքը կամ մոլորակի այլ հատված: 2010 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Իրական քաղաքականություն» հաղորդման ժամանակ հնչեցված այս հայտարարության հեղինակը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է:

Սակայն, Ստոկհոլմում գործող հեղինակավոր՝ Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) դեռևս 2021 թվականին լույս տեսած հետազոտությունը փաստում է, որ 2011-2020 թվականներին Ռուսաստանն է եղել սպառազինության խոշորագույն մատակարարը Ադրբեջանին ու Հայաստանին։

Ըստ ինստիտուտի, թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ հետ Մոսկվան հանդես էր գալիս որպես միջնորդ ղարաբաղյան հակամարտությունում, այդուհանդերձ 2011-2020 թվականներին Ռուսաստանին բաժին է ընկել Ադրբեջանի ռազմա-տեխնիկական ներմուծումների 60%-ը, Հայաստանի՝ 94%-ը: Այդ ընթացքում Արբեջանի մյուս կարևոր մատակարարներն են եղել, ըստ մեծության, Իսրայելը, Բելառուսը և Թուրքիան:

SIPRI-ի զեկույցն ընդգծում է՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չունեին շոշափելի ռազմա-արդյունաբերական համալիր, երկուսն էլ կախված են եղել արտաքին մատակարարներից՝ սեփական զինանոցը ընդլայնելու և զարգացնելու համար:

Ըստ հետազոտության, եթե 2020 թվականին Հայաստանի ռազմական ոլորտի հատկացումները կազմել են 634 միլիոն դոլար, Ադրբեջանինը՝ ավելի քան 2,2 միլիարդ: 2020 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմում էին երկրի ՀՆԱ-ի մոտ 5%-ը, իսկ Ադրբեջանի պարագայում՝ շուրջ 5․5%-ը: Չնայած տոկոսային առումով այս հարաբերական հավասարությանը, կողմերի՝ զենքի ներմուծման ծավալները խիստ անհամաչափ էին. 2011–2020 թվականներին Ադրբեջանն ավելի քան 8 անգամ շատ սպառազինություն է ներկրել, քան Հայաստանը։

1992 թվականին,արձագանքելով Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) իր մասնակից պետություններին կոչ է արել էմբարգո սահմանել Հայաստանին ու Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում։ ԵԱՀԿ-ի այս խնդրանքը չի չեղարկվել, սակայն դա կամավոր բազմակողմ զենքի էմբարգո է, ուստի ԵԱՀԿ մի շարք մասնակից երկրներ 1992 թվականից ի վեր սպառազինություն են մատակարարել Հայաստանին և Ադրբեջանին։

«Դա կամավոր էմբարգո է, ուստի այս պահին իրականում կողմերին զենք մատակարարելու իրավական խոչընդոտ չկա»,- պնդում է զեկույցի համահեղինակ, փորձագետ Փիթեր Վեզեմանը:

Մանրամասն՝ այստեղ