«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ դատարանի կողմից սահմանված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է՝ սահմանվելով 1 տարի։Հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Լուսինե Ալավերդյան, Գրիգոր Հովհաննիսյան, Կարեն Հովհաննիսյան) Արմեն Չարչյանի գործով մեղադրող դատախազի բողոքը մերժեց, իսկ պաշտպանության կողմի ներկայացրած բողոքը բավարարեց մասնակի՝ առաջին ատյանի դատարանի կողմից Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվեց և սահմանվեց փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով։ Արմեն Չարչյանի կշարունակի մնալ ազատության մեջ»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ալեքսանյանը։
Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցներին 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ քրեական գործի շրջանակներում։ Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը: 2021-ի հունիսին նա կալանավորվել էր, դեկտեմբերին՝ ազատ արձակվել։
Ազգային ժողովը 2023-ի փետրվարի 9-ին Արմեն Չարչյանին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։ Հոկտեմբերի 23-ին նա վայր էր դրել պատգամավորական մանդատը։ 2024 թվականի փետրվարին Արմեն Չարչյանը դատապարտվեց 3 տարի 7 ամիս ազատազրկման։ Պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, սահմանվել էր փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով: