Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փաստաբանների-պալատ
A A
Հասարակություն

Հաճախ պայքար ենք մղել մի քանի բանակի և վարձկան ահաբեկիչների դեմ, ինչպես եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ․ ՓՊ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սիրելի հայրենակիցներ, գործընկերներ,

Զինված ուժերի նվիրյալ սպաներ և զինծառայողներ,

շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ:

Հունվարի 28-ը հայերիս արժանապատվության ու հայրենասիրության մասին վկայող ամենակարևոր տոներից մեկն է: Հայրենասիրությունն ու պատվախնդրությունն էին այն ներուժը, որը մեր ժողովրդին հնարավորություն տվեց դառնալու հզոր հենասյուն՝ Հայոց բանակի կազմավորման համար: Ստեղծման օրից ի վեր հայկական բանակը շարունակում է դիմագրավել արտաքին թշնամիների հարձակումներին՝ հաճախ պայքար մղելով մի քանի բանակի և վարձկան ահաբեկիչների դեմ, ինչպես եղավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ: Հավերժ փառք այն հերոսներին, ովքեր հայրենիքի համար մղվող գոյամարտերում անմնացորդ նվիրումով հայրենիքը գերադասեցին իրենց կյանքից: Վերջին պատերազմում նրանց թվում էին նաև մեր փաստաբան գործընկերների որդիները՝ Լևոն Լևոնյանը, Միքայել Դանիելյանը և Հրաչիկ Ավետիսյանը: Խոնարհում ու խնկարկում նրանց պայծառ հիշատակին։ Ծանր կորուստներից հետո, այսօր էլ Հայաստան աշխարհը կանգնած է խաղաղությանը սպառնացող նոր մարտահրավերներին դիմակայելու լրջագույն խնդիրների առջև, և մեր

մեծագույն հույսը շարունակում է մնալ հայոց մարտունակ Բանակն՝ իր խիզախ հայորդիներով: Պատմական անժխտելի փաստերը վկայում են, որ Հայոց բանակը կարող է նոր հաղթանակներ կերտել, կարող է իրականացնել Հայաստանն ու Արցախը վերամիավորելու բոլորիս մեծագույն երազանքը՝ հետևելով հզոր ու միասնական հայրենիք ունենալու աննահանջ գաղափարին: Աստված զորավիգ Հայոց բանակին և հայ զինվորին:

Հարգանքով՝

Սիմոն Բաբայան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ