Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Կայացել է Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական խմբի նիստը (տեսանյութ)

Հունվարի 26-ին կայացել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությամբ և 2023-2026 թթ. գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումների իրականացման գործընթացը համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարում էր ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

Մասնակցում էին համապատասխան գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Ողջունելով ներկաներին՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը մասնակցության համար շնորհակալություն է հայտնել աշխատանքային խմբին: Նա կարևորել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևավորումը, որի նպատակը ռազմավարության առաջընթացի իրականացումն արդյունավետ համակարգելն ու կազմակերպելն է:

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ Ռազմավարության գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումների վերաբերյալ։

Նա մասնավորապես անդրադարձել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ նշելով, որ այն ՆԳ նախարարության կողմից արդեն մշակվել է, և առաջիկայում կներկայացվի շահագրգիռ գերատեսչություններին։

Արփինե Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է նաև «Ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակմանն ու ներկայացմանը, ինչպես նաև համայնքներում աղետների ռիսկի կառավարման պլանների մշակմանն ու ներդրմանը։

Նա խոսել է նաև արտակարգ իրավիճակներում փրկարար կամավորական գործունեության կազմակերպման գործընթացի մասին, ինչպես նաև ընդգծել քաղաքաշինության ոլորտի նորմատիվ իրավական ակտերի վերանայման կարևորությունը՝ աղետների ռիսկի կառավարման պահանջների համատեքստում։

Նիստի ընթացքում ներակայացվել են նաև Ռազմավարության գործողությունների ծրագրով սահմանված այլ միջոցառումների կատարման ընթացքը։ Քննարկվել են Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված առաջիկա վեց ամիսների անելիքները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել այն միջոցառումներին, որոնց վերջնաժամկետ է սահմանված 2024 թվականը։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամներից յուրաքանչյուրը ներկայացրել է համապատասխան գերատեսչության ոլորտի շրջանակում կատարված աշխատանքները։
Ընդգծվել է համագործակցության կարևորությունը, ինչպես նաև մասնակիցները քննարկել են Ռազմավարության իրականացմանը խոչընդոտող և դրանց լուծմանն ուղղված հարցեր:
Ամփոփելով միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նշել է, որ աղետների ռիսկի կառավարումն առաջնահերթություն է, որը պահանջում է հետևողական քաղաքականություն՝ պետության դիմակայուն զարգացումն ապահովելու, վտանգներին ժամանակին և արդյունավետ դիմագրավելու, արագ վերականգնվելու կարողություններ ստեղծելու նպատակով։