Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նախարարն ընդունել է «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթի 7 հաղթողներին

Այսօր Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթի 7 հաղթողներին և պարգևատրել նրանց շնորհակալագրերով ու խրախուսական նվերներով:

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվության համար. «Մենք այսօր նշում ենք մեր ամենանշանավոր գրողներից մեկի՝ Պարույր Սևակի 100-ամյակը, որի շրջանակում կազմակերպված մրցույթում ավելի քան 4000 սովորողներ փորձել են լինել առաջինը, բայց հենց ձեզ է հաջողվել դա: Հույս ունեմ՝ դուք կլինեք լավ օրինակ նաև ձեր դասընկերների համար, որոնք ևս չեն վարանի և կմասնակցեն առաջիկայում նախատեսված այլ մրցույթների»: Նախարարն ընդգծել է, որ մրցույթները ոչ միայն բարձրացնում են իրազեկվածությունը տվյալ գործչի նկատմամբ, այլև դառնում են յուրօրինակ կրթական գործընթաց:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև մանկավարժներին, որոնք խրախուսել են և ջանքեր ներդրել, որպեսզի աշակերտները սկսեն հետաքրքրվել և կարևորել գրողների կյանքն ու գործունեությունը: Նախարարի դիտարկմամբ՝ այստեղ կարևոր է ինչպես ուսուցչի, այնպես էլ ընտանիքի դերը:

Հանդիպմանն աշակերտները կիսվել են իրենց տպավորություններով: Նրանք հատկապես ընդգծել են մրցույթների անցկացումը գրողի մասին իրազեկվածության

բարձրացման, նրա ստեղծագործական գործունեության հանդեպ հետաքրքրությունների ընդլայնման տեսանկյունից:

«Ես նախկիում այդքան էլ հետաքրքրված չէի Սևակով, սակայն այժմ ցանկություն ունեմ ուսումնասիրելու, ավելի շատ ճանաչելու»,- ասել է Նանե Ներկարարյանը՝

Տավուշի մարզի Գանձաքարի միջնակարգ դպրոցից: Իսկ Գեղարքունիքի մարզի Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Միլենա Կռոյանը պատմել է, որ ամեն օր զարթուցիչով պլանավորել է ժամը 20:00-ն՝ բաց չթողնելու մրցույթը, և բազմաթիվ փորձերից հետո այս անգամ նրան հաջողվել է լինել առաջինը։

Աշակերտներից ոմանք նոր են սկսելու ուսումնասիրել Սևակ, իսկ այլ աշակերտների համար Սևակն արդեն իսկ ամենասիրելի գրողն է, ինչն էլ մղել է շատ կարդալ գրողի մասին և վստահորեն մասնակցել մրցույթին: Նրանք ասմունքել են Սևակի՝ իրեց սիրելի տողերից որոշ հատվածներ:

Նախարարը հետաքրքրվել է՝ ո՞ր ստեղծագործությունն են ամենաշատը սիրում աշակերտները, ի՞նչ գիտեն Սևակի թարգմանական գործունեության մասին, եղե՞լ են թանգարանում, թե՞ ոչ, ի՞նչ է գրականությունը նրանց համար և այլն:

 

Աշակերտները կարևորել են հատկապես այն փաստը, որ մրցութային հարցերը դժվարամատչելի էին, և համացանցում հեշտ հասանելի չէին, ինչը ստիպում էր կարդալ և հետազոտել հեղինակին:

Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Աստվածատրյանը, որը ևս սիրում և ուսումնասիրում է գրականություն, ուներ նաև առաջարկ Սևակի 100-ամյակի կապակցությամբ: Աշակերտն առաջարկել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում սիմֆոնիկ երաժշտության և Սևակի բանաստեղծությունների համադրությամբ համերգ կազմակերպել: Ի պատասխան առաջարկի՝ նշվել է, որ այն կքննարկվի միջոցառումների ցանկում:

Նշենք, որ «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթն անցկացվել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ Պ. Սևակի տուն-թանգարանի հետ համատեղ՝ դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար:

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵևՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ