Ռուսաստանում կործանվել է ուկրաինացի ռազմագերիների տեղափոխող ինքնաթիռը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Բելգորոդի մարզում կործանվել է Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որում գտնվում էր 74 մարդ, գրում է РИА Новости-ն։ Նշվում է, ավիավթարի արդյունքում ինքնաթիռում գտնվողները մահացել են։
«Ս․թ․ հունվարի 24-ին, Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 11:00-ին, Բելգորոդի մարզում պլանային թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Իլ-76 ինքնաթիռը։ Ինքնաթիռում գտնվել է Ուկրաինայի զինված ուժերի 65 ռազմագերի, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվում էին Բելգորոդի շրջան, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ», - հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։
Ինչպես պարզաբանել է ՌԴ ՊՆ-ն, աղետի պատճառները պարզելու համար ինքնաթիռի կործանման վայր է մեկնել ՌԴ օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավի՝ այսօր կեսօրին Բելգորոդի մարզում տեղի ունեցած կործանման պատճառը ուկրաինական կողմի «ահաբեկչական գործողությունն էր»։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը վստահեցնում է, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը ֆիքսել են ուկրաինական երկու հրթիռների արձակումները։