Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քննչական կոմիտե 111
A A
Պաշտոնական

Երևանի ավագանու անդամի առևանգման հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ

 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարե Հայրապետյանի առերևույթ առևանգման վերաբերյալ ստացվել է հաղորդում, որի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։  

Նա նշեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձին առևանգելու հանցակազմով։

«Իրականացվում են քննչական, վարութային ակտիվ գործողություններ՝ հաղորդման մեջ նշված տեղեկությունները քրեական վարույթի շրջանակներում համակողմանի ստուգելու, իրականությունը պարզելու նպատակով։ Ոստիկանությանը տրվել է համապատասխան հանձնարարություն՝ քննությանը հետաքրքրող մի շարք հանգամանքներ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ»,- ասաց Աբրահամյանը։

«Մայր Հայաստան» դաշինքն ավելի վաղ հայտնել էր, որ Նարե Հայրապետյանը ենթարկվել է առևանգման։ «Առևանգիչներն, ըստ Հայրապետյանի, ներկայացրել էին վերջինիս հասարակական-քաղաքական գործունեության վերաբերյալ պահանջներ և զգուշացումներ։ Նարե Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում է տվել ոստիկանություն»,- նշված է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ։

24news-ի հետ զրույցում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտնել է, որ «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարե Հայրապետյանը դեպքից հետո դուրս է եկել Հայաստանից, իսկ նրա հեռախոսը գտնվում է իրավապահների մոտ։