Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վարդան Ղուկասյան
A A
Քաղաքականություն

Վարդան Ղուկասյանը նոր՝ ԴՕԿ կուսակցություն է ստեղծում

Հունվարի 19-ին նախ կայացավ  «Հանրային ձայն» կուսակցության կուսակցության արտահերթ համագումարը, որին տեսակապով մասնակցում էր կուսակցության  պատվավոր նախագահ, հիմնադիր Վարդան Ղուկասյանը («Դոգ»), գրում է Aravot.am-ը:

«Վարդան Ղուկասյանը քաղաքական գործիչ չէ, Վարդան Ղուկասյանը պետական գործիչ է: Ի՞նչն է տարբերությունը քաղաքական եւ պետական գործչի միջեւ. ես հասարակության առաջ չեմ հայտնվում տարին մեկ, քաղաքական գնչուների նման չեմ՝ փողոցից փողոց, խոստումներ չեմ տալիս ու հետո ոչ մի բան չեմ անում: Եթե ասում եմ՝ այո, ուրեմն այո է, եթե ասում եմ՝ ոչ, ոչ է»,-ասաց նա:

Հայհոյանքի մասին խոսելիս էլ նշեց. «Երբ դեռահաս էի, պատանի էի, ինձ շատ դեպքերում իմ ընկերները, ծանոթները, շենքի՝ տարիքով բարձր տղերքը ծաղրում էին, որ հայհոյանք չեմ տալիս՝ ի տարբերություն իմ հասակակիցների…Ի դեպ, հիմա ինձ բացարձակ հաճելի չէ անընդհատ մտնել, հայհոյելը, դա ճարահատյալ քայլ է»:

Նա պարզաբանեց՝ քանի որ քաղաքացիների հարցերը չեն լուծվում պետական մարմինների կողմից, ինքը ստիպված է դուրս գալիս էթիկայի սահմաններից ու հայհոյում:

«Եթե վաղը, մյուս օրը ժողովուրդը կամենա, որ զբաղեցնեմ ինչ-որ մի պետական պաշտոն, հո չե՞մ հայհոյելու լրագրողների կամ մարդկանց առաջ ու ոչ հարիր բառապաշարը հո շաղ չե՞մ տալու»,-ասաց Ղուկասյանը:

 Ընդգծեց, որ այսօր պետական ապարատը պայքարում է իր դեմ, եւ համագումարից մեկ ժամ առաջ Քննչական կոմիտե են կանչել իրենց անդամներից մեկին՝ 2013թ քրեական գործով: Շեշտեց, որ իր կարծիքով՝ այդտեղ խառն է  «Հանրային ձայն» կուսակցության  նախագահ Արտակ Գալստյանի մատը: Ներկայացրեց, թե ինչպես է ժամանակին ծանոթացել Գալստյանի հետ, որը ներկայացել է որպես ոստիկանության գնդապետ, ու իր ձեւակերպմամբ՝ մտքով վայրկյան անգամ չի անցել, թե այդ անձը ինքնակոչ է: Համագումարի ժամանակ Վարդան Ղուկասյանի առաջարկով կայացավ քվեարկություն, եւ 420 հոգի միաձայն կողմ քվեարկեց Արտակ Գալստյանին կուսակցության նախագահի պաշտոնից հեռացնելու օգտին:

Ղուկասյանն ասաց, որ դատական հայց ունեցող կուսակցությունը չի կարող գրանցվել որպես կուսակցություն եւ մասնակցել ընտրություններին, դրա համար էլ ինքը որոշել է հրաժարվել իր կուսակցությունից. «Ես եմ ստեղծել այդ կուսակցությունը, ես էլ մոռացության կմատնեմ»: Նա նաեւ հայտարարեց, որ ստեղծում է նոր կուսակցություն, որը  կկոչվի «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն»՝  ԴՕԿ։ Վերջինիս համագումարը  կկայանա մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, իսկ «Հանրային Ձայն» հաղորդաշարը կկոչվի «Հանրային դատ»։