Բացել լրահոսը Փակել լրահոսը
421048380_765907558900077_2736901017068401396_n
A A
Պաշտոնական

Խաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման հետագա գործընթացի համար․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի հայտարարությունը Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին:
 
 «Հարգարժա՛ն պարոն նախարար,
Սիրելի՛ բարեկամ , սիրելի՛ Գորդան
Հարգելի՛ գործընկերներ,
 
Ձերդ Գերազանցություն, շնորհակալ եմ այս այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար: Երեկ արդեն արդյունավետ հանդիպումներ եմ ունեցել ձեր երկրի վարչապետի, ինչպես նաև խորհրդարանի փոխնախագահի հետ։ Սա շարունակությունն է մեր նախորդ ակտիվ շփումների. ես ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա փետրվարին Երևան կատարած Ձեր պաշտոնական այցը, ինչպես նաև հուլիսին Խորվաթիա կատարած իմ այցն ու Դուբրովնիկի համաժողովում մեր քննարկումները։
 
Իհարկե, պետք է ընդգծենք, որ այս տարին առանձնահատուկ է մեր երկկողմ հարաբերությունների համար, քանի որ մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Վերջին երեք տասնամյակների ընթացքում մեր պետությունները կարևոր ջանքեր են գործադրել՝ ուղղված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության զարգացմանը: Գոհունակությամբ եմ նշում, որ մեր վերջին փոխայցելություններն ու ակտիվ փոխգործակցությունն արտացոլում են մեր երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան, ինչպես նաև մեր օրակարգի հետագա ընդլայնման, տարբեր ոլորտներում և տարբեր հարթակներում համագործակցության խորացման և, իհարկե, մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման պատրաստակամությունը։
 
Հարգելի՛ ներկաներ,
Այսօրվա մեր քննարկումների ընթացքում անդրադարձանք երկկողմ օրակարգի մի շարք հարցերի և տարբեր, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին: Քաղաքական երկխոսության զարգացմանը զուգահեռ տնտեսական ոլորտում առկա է չօգտագործված հսկայական ներուժ։ Նախորդ տարվա փետրվարին նախարար Ռադմանի այցի ժամանակ Երևանում կայացած գործարար համաժողովը ստացավ առանձնահատուկ կարևորություն, և մենք շահագրգռված ենք առևտրատնտեսական համագործակցության առաջմղմամբ ու ընդլայնմամբ՝ միտված շոշափելի արդյունքներ արձանագրելուն։
 
Այսօր մենք քննարկեցինք նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ ընթացիկ գործընթացներն ու իրականացվող քայլերը: Այս հարաբերությունների հետագա խորացման մեր քաղաքացիների ձգտումը հիմնված է այն ընդհանուր արժեքների վրա, որոնց մեր քաղաքացիները հարում են Հայաստանում, Խորվաթիայում և Եվրոպական միությունումխթանվող, հատկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ հիմնարար սկզբունքների տիրույթում: Միևնույն ժամանակ, ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման մեր հանձնառությունը բխում է մեր քաղաքացիների համար ավելի լավ և անվտանգ միջավայրի տեսլականից: Այսպիսով, իմ խորվաթ գործընկերոջ հետ մենք դիտարկել ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների ողջ շրջանակը, որն ընդգրկում է մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, մարդկանց միջև շփումները, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև անվտանգության հարցերը: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունն ընդլայնվում է նոր ուղղություններով, այն է՝ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը ՀՀ-ում և անվտանգային հարցերով երկխոսությունը:
Այսօր հնարավորություն ունեցանք նաև անդրադառնալ նաև բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերին, այն միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, որտեղ Հայաստանն ու Խորվաթիան արդեն իսկ ունեն կամ դեռ կշահեն առավել սերտ համագործակցությունից:
 
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր մենք մտքեր փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային անվտանգության թեմաների շուրջ։ Ես իմ գործընկերոջը մանրամասն տեղեկացրել եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ինչպես նշվեց, ավելի վաղ հնարավորություն ունեցել ենք քննարկելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման՝ Հայաստանի տեսլականը, մարտահրավերների հաղթահարմանն ու տարածաշրջանային կապերի զարգացմանն ուղղված ջանքերը: Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իևավուքնի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և, հետևաբար, տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարներին:
Կարծում եմ, որ Հարավային Կովկասում կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերները կիսում են այն նույն մոտեցումը, որ խաղաղությունը պահանջում է անսասան հանձնառություն և իրական շահագրգռվածություն երկարաժամկետ լուծումների հարցում: Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է՝ հիմնված հայտնի սկզբունքների և պայմանավորվածությունների վրա։ Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն՝ առանց որևէ երկիմաստության։
 
Խաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման հետագա գործընթացի համար, որը, մեր համոզմամբ, պետք է իրականացվի համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի և հիմնված լինի Խորհրդային Միության ամենաթարմ ու օրինական քարտեզների վրա: Մենք նաև վստահ ենք, որ կապուղիները, որոնք կարող են ապաշրջափակվել տարածաշրջանում, հաղորդակցությունները՝ տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են նաև նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության առաջխաղացմանը, և մենք կարծում ենք, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվելու են, պետք է ապաշրջափակվեն համապատասխան այդ երկրների ինքնիշխանությանը, իրավազորությանը և հավասարության ու փոխադարձության սկզբունքների համաձայն։
Ավելին, խաղաղության և փոխկապակցվածության այս գաղափարն առաջ մղելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որը, ինչպես ասացի, ուղղված է տարածաշրջանում փոխկապակցվածությունն ավելացնելուն և ենթակառուցվածքների ապաշրջափակմանը ։
Հարգելի՛ ներկաներ
Այստեղ ես կցանկանայի կանգ առնել։
Մեծարգո՛ պարոն նախարար, Հարգարժա՛ն Գորդան,
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հրավերի և այսօրվա համապարփակ քննարկումների համար։ Եվ վստահ եմ, որ այս քննարկումները հիանալի հիմք կհանդիսանան հետագա գործընկերության և համագործակցության համար: Շնորհակալություն»: