Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Աջակցիր «Ա1+»-ինՈւրախ եմ ողջունելու ձեզ Հայաստանի Ազգային ժողովում:
Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ այս համատեքստում շատ կարեւոր է միջխորհրդարանական համագործակցությունը: Կարծում եմ` երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա է չօգտագործված մեծ ներուժ: Կա արդեն փոխգործակցության հուշագրի նախագիծ, որի ստորագրումը նոր մակարդակի կհասցնի երկկողմ հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակության հետ հունվարի 16-ին կայացած հանդիպմանը:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Էդուարդ Աղաջանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Գուրգեն Արսենյանը եւ Լենա Նազարյանը:
Սարգիս Խանդանյանը կարեւոր ձեռքբերում է համարել առաջիկայում Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացումը:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրին: Նշվել է, որ չնայած դժվարություններին` Հայաստանը հավատում է, որ տարածաշրջանում ի վերջո խաղաղություն եւ կայունություն կհաստատվի, ու այդ նպատակով հայկական կողմը գործուն քայլեր է ձեռնարկում:
Սարգիս Խանդանյանը խոսել է նաեւ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հարյուրամյակներով ապրող հայերի բռնի տեղահանման մասին:
Հայ խորհրդարանականները ողջունել են հյուրերին, խոսել մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության զարգացման անհրաժեշտության մասին, ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին ներկայացրել է ԱՄԷ-ի` որոշ երկրների հետ խնդիրներ ունենալու պարագայում հարաբերություններ կարգավորելու փորձը: Հյուրը համոզմունք է հայտնել, որ հարեւանների հետ փոխգործակցությունը կարող է նպաստել խաղաղության հաստատմանը: Կարեւորելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին նշել է, որ աջակցում են նախաձեռնության իրագործմանը:
------------------
Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Արաբական ծոցի պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Ողջունելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ, դոկտոր Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 16-ին, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Վիլեն Գաբրիելյանը, Գուրգեն Մելքոնյանը, Քրիստինե Պողոսյանը, Հայկ Սարգսյանը:
Քաղաքական երկխոսության խորացման եւ համագործակցության կայուն առաջընթացի ապահովման համար Արմեն Խաչատրյանը կարեւորել է նման փոխայցերն ու հանդիպումները: Երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության դերը: «Համոզված եմ, որ հետայսու մեր երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացման նոր էջ կբացվի՝ հիմնված գործընկերության եւ մեծ հեռանկարների վրա»,- ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դոկտոր Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին նշել է, որ սա առաջին պաշտոնական հանդիպումն է ԱՄԷ-ի եւ Հայաստանի խորհրդարանականների հետ ու ակնկալում են, որ այս հանդիպումով համագործակցության ու հարաբերությանների զարգացման նոր հորիզոններ կբացվեն: Նա ներկայացրել է իրենց տարածաշրջանի անվտանգային ռիսկերը, մարտահրավերները, ահաբեկչության, ծայրահեղականության դրսեւորումների դեմ իրականացվող պայքարի մեխանիզմները: Նրա խոսքով ԱՄԷ-ի անվտանգության ռազմավարությունը մշակվել է կանխարգելման սկզբունքի հիման վրա:
Արմեն Խաչատրյանի գնահատմամբ ԱՄԷ-ն տարածաշրջանում Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է, եւ Հայաստանը բարձր է գնահատում ԱՄԷ-ի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում: Նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջեւ բարեկամական ջերմ հարաբերությունները հիմք կդառնան առկա ներուժի լիարժեք իրացման համար:
Խոսելով տարածաշրջանային անվտանգային խնդիրների մասին՝ Արմեն Խաչատրյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական գործողությունները, որոնք վտանգում են ամբողջ տարածաշրջանի կայունությունը եւ խաղաղությունը: Նա նշել է, որ չնայած բազում մարտահրավերներին եւ դեռ առկա իրավիճակին՝ ՀՀ-ն ունի քաղաքական կամք կարգավորել հարաբերությունները հարեւան երկրների հետ՝ որդեգրելով խաղաղության օրակարգ:
Պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Դոկտոր Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի խոսքով նախագիծը կնպաստի խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը՝ բացելով նոր հորիզոններ տարածաշրջանում՝ հյուսիսից հարավ:
Արմեն Խաչատրյանը ներկայացրել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ վստահեցնելով, որ մեր երկրում նույնպես կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է տարվում:
Անդրադարձ է կատարվել ռազմաքաղաքական համագործակցությանն առնչվող հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցային կապերն ու արդյունավետ աշխատանքներ տանել փորձի փոխանակման, փոխադարձ այցերի, անվտանգության ոլորտում համատեղ ծրագրերի իրագործման ուղղությամբ: