Բացել լրահոսը Փակել լրահոսը
1127921
A A
Հասարակություն

Պաշտպանը վստահեցնում է, որ Տիրան Խաչատրյանը խուլիգանական արարք թույլ չի տվել ու չի թաքնվել քննությունից

Պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանն անդրադարձել է հունվարի 11-ին Արամուս գյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին։

 «Ֆեյբուք»-ի իր էջում նա հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, համաձայն որոնց Տիրան Խաչատրյանը հարբած վիճակում թույլ է տվել խուլիգանական արարք, ապա փախել կամ թաքնվել է քննությունից:

«Մամուլում տարածվող տեղեկատվություններն այն մասին, թե, իբր, գեներալ Խաչատրյանը փախել կամ թաքնվել է քննությունից, չի համապատասխանում իրականությանը, հերյուրանք է և նպատակ ունի բացասաբար ազդելու գեներալ Խաչատրյանի հեղինակության վրա։

Ձերբակալման պահին գեներալ Խաչատրյանը գտնվել է ինձ հետ․ մենք միասին պատրաստվում էինք դուրս գալ և ներկայանալ ոստիկանության բաժին։ Տեղեկությունը, ըստ որի` Տիրան Խաչատրյանը հարբած վիճակում իրականացրել է խուլիգանություն, նույնպես հերյուրանք է»,  գրել է պաշտպանը։ Նա հավելել է, որ Վաչե Սիմոնյանի հետ միասին ստանձնել է Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպանությունը: