Օգոստոսին Հայաստանը կխաղա Լիտվայի հետ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը օգոստոսի 10-ին ընկերական խաղում ուժերը կչափի Լիտվայի ազգայն թիմի հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հանդիպումը կկայանա Կաունասում:
Այդ խաղով մեր ընտրանին կնախապատրաստվի Եվրո-2012-ի ընտրական փուլի աշնանային հանդիպումներին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Հայաստանը կհյուրընկալվի Անդորային, իսկ 4 օր անց` Սլովակիային: Հոկտեմբերի 7-ին մեր հավաքականը Երեւանում կընդունի Մակեդոնիայի հավաքականին, իսկ 11-ին Դուբլինում կմրցի Իռլանդիայի ազգային թիմի հետ:
Լիտվայի հավաքականը հանդես է գալիս Եվրո-2012-ի ընտրական 9-րդ խմբում եւ չորս խաղից հետո վաստակել է նույնքան միավոր ու զբաղեցնում է նախավերջին` 4-րդ տեղը:
Փոփոխություն Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը, Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Իջեւանի «Արնար» մարզադաշտի խոտածածկի անբավարար վիճակի պատճառով մայիսի 15-ին նախատեսված 9-րդ տուրի «Իմպուլս» - «Շիրակ» հանդիպումը կկայանա Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում: