Բացել լրահոսը Փակել լրահոսը
Appa-irazek
A A
Պաշտոնական

Առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարելու դեպքում քաղաքացին կտուգանվի ոչ թե 100.000, այլ 25.000 դրամ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առանց պարտադիր ապահովագրման պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված է 100.000 դրամի չափով պատասխանատվություն: Առաջարկվող կարգավորմամբ եթե անձը վարչական իրավախախտում կատարելուց հետո 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից: Քաղաքացին ԱՊՊԱ պայմանագիր է կնքում, վճարում ոչ թե 100.000 դրամ, այլ տուգանքի 25 տոկոսը (25.000 դրամ): Առաջարկվում է վերոնշյալ փոփոխությունը կատարել օրենսգրքի 129.2 հոդվածի 7-րդ մասում:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշել է, որ սահմանված տուգանքը չի համապատասխանում իրավախախտման վտանգավորության աստիճանին եւ բնույթին: Նա տեղեկացրել է, որ որոշվել է փոխել պատժամիջոցը եւ  նվազեցնել տուգանքի չափը:

Հարակից զեկուցող, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում եղել են տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն: