«Երևան քաղաքում ապօրինի շինություններ այլևս չեն լինելու». քաղաքապետ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող հատվածը կկանաչապատվի: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ վերոնշյալ գոտում 25 հա անտառապատման ենթակա տարածք կա, որը բնապահպանական տեսանկյունից կարևոր դեր կունենա քաղաքի կենտրոնի համար: Մինչ նախագծի մեկնարկը տարածքը կմաքրվի, կազատվեն հողազավթված տարածքները: «Բանջարանոցների ու ապօրինի շինարարության ժամանակաշրջանը վաղուց սպառվել է: Մենք քննարկելու ենք օրենսդրական որոշակի փոփոխություններ, որոնք էլ ավելի են բարդացնելու նմանատիպ տարածքների զավթումը: Ինձ համար տարբերություն չկա՝ համայնքային բյուջեի՞ց են փող գողանում, թե՞ համայնքային հողերն են գողանում: Այդտեղ ունենք գործելու դաշտ, ոչ թե բանակցելու: Երևանի կանաչ ֆոնդը տասնամյակներով նվազել է նաև նման գործողությունների արդյունքում»,- ընդգծել է քաղաքապետը: *** 2023թ. ընդհանուր առմամբ լէդ լուսատուներով է փոխարինվել 11563 նատրիումային և սնդիկային լամպ: Քաղաքն ամբողջությամբ էներգախնայող լուսատուներով հագեցնելու ծրագիրը նախատեսվում է ավարտել 2026թ.: *** «Օղակաձև» զբոսայգու 4-րդ հատվածն ամբողջությամբ կբարեկարգվի, բնակիչների հանգստի համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ: Նախագիծը նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագրով: «Բոլոր այն հատվածները, որտեղ հանրային կանաչ տարածքներ են, պետք է վերադարձնենք երևանցիներին»,- նշել է քաղաքապետը: ***
Երևանի մետրոպոլիտենի հավաքակայանը կհամալրվի ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված ևս մեկ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմով։ Նախորդ տարի գործարկվել էր երեք նոր շարժակազմ ՝ երեք վագոնանոց։ Այսպիսով, գնացքների հավաքակայանում մետրոպոլիտենը կունենա 4 հատ 3 վագոնանոց շարժակազմ, որն էլ էականորեն կբարելավի ուղևորների հարմարավետ փոխադրումը:
*** «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի» համար «Հրազդան» մարզադաշտին կից ավելի քան 15500քմ տարածքում նոր շենք կկառուցվի։ Մարզական կառույցը համապատասխանելու է մարզումներ ու միջազգային մրցույթներ կազմակերպելու բոլոր չափանիշներին: