Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

Վանաձորում տղամարդը վիճաբանել է նախկին կնոջ հետ, ապա ննջարանից վերցրել կացինն ու հարվածել վերջինիս կրծքավանդակին

2024 թվականի հունվարի 2-ին Վանաձոր քաղաքի 40-ամյա բնակչուհին ոստիկանություն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին ամուսնու հետ, ինչից հետո վերջինս կացնով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է առերևույթ հանցագործության գործիք կացինը։ Վանաձորի բնակչուհին ճանաչվել է տուժող։
 
Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով պարզվել է, որ վերջինիս նախկին ամուսինը՝ 9 անգամ դատապարտված 43-ամյա անձը, հունվարի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ Վանաձոր քաղաքի իրենց տանը վիճաբանել է նախկին կնոջ հետ, ապա ննջարանից վերցրել կացինն ու դրանով նախ մեկ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին, այնուհետև գլխով, ձեռքերով, ու ոտքերով՝ նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կրծքավանդակի աջ հատվածի պատռված վերք և գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ մարմնական վնասվածքներ։
 
Սակայն հանցագործությունը ավարտին չի հասել, քանի որ վանաձորցի կինը դիմել է փախուստի, իսկ նրա դուստրն օգնության է կանչել հարևաններին։
Ձեռնարկված անհետաձգելի քննչական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 43-ամյա տղամարդը նույն օրը՝ ժամը 15:57-ին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիմա վրա ձերբակալվել ու ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, որը բավարարվել է։ Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155 հոդվածի 2 -րդ մասի 9-րդ կետով (սպանության փորձը՝ մերձավոր ազգականի կողմից)։ Միջնորդություն է ներկայացվում դատարան՝ տղամարդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում․Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: