Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան»` ՀՀ գավաթակիր

Սպորտ
78efe1d3a8eba1d5b8c6d25a77301e52

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում Երեւանի «Միկան» 4;1 հաշվով հաղթելով Գյումրիի «Շիրակին», 6-րդ անգամ տիրեց պատվավոր մրցանակին:

Հանդիպման 16-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Միկայի» պաշտպան Ալեքսը բացեց հաշիվը, իսկ 35-րդ րոպեին նույն ձեւով Նարեկ Բեգլարյանը կրկնապատկեց այն: Առաջին խաղակեսի վերջում Անդրանիկ Բարիկյանը կրճատեց հաշվի տարբերությունը: Ընդմիջումից հետո, 68-րդ րոպեին, կրկին անկյունայինի խաղարկումից հետո, Նարեկ Բեգլարյանը երրորդ անգամ գրավեց «Շիրակի» դարպասը: Հանդիպման վերջակետը դրեց «Միկայի» չինացի հարձակվող Դոնգ Ֆանգժուն, որը 90-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով եզրափակեց Էդնեյի եզրային փոխանցումը:

Այդպիսով, Երեւանի «Միկան» իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի լիգայի գալիք մրցաշարին:

Հետխաղյա մամուլի ասուլիս.

Ֆելիքս Խոջոյան («Շիրակի» մարզիչ).

- Առաջին հերթին «Միկային» շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ եւ ցանկանում հաջող ելույթներ Եվրոպայի լիգայի մրցաշարում: Խաղի մասին շատ բան չեմ կարող ասել: Բոլորդ էլ տեսաք, որ մենք հիմնականում պարտվեցինք «երկրորդ հարկում»:

Արմեն Շահգելդյան («Միկայի» գլխավոր մարզիչ).

- Այնքան ուրախ եմ, որ չգիտեմ ինչպես արտահայտվել: Բանն այն է, որ բոլորովին այլ զգացումներ ես ապրում, երբ գավաթին տիրում ես որպես ֆուտբոլիստ, այլ` որպես գլխավոր մարզիչ: Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա այն բավականին հետաքրքիր եւ գոլառատ ստացվեց: Մի պահ մրցակիցը կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն մեր պաշտպաններին եւ դարպասապահին հաջողվեց փրկել իրավիճակը, իսկ հետո մենք սկսեցինք գոլեր խփել: Ֆուտբոլում միշտ այդպես է լինում: Հավատում էի թիմի հաղթանակին, բայց երբեք չէի պատկերացնում, որ կարող ենք խոշոր հաշվով հաղթանակ տանել:

Հենց նոր հայտնի դարձավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի հոբելյանական` 20-րդ խաղարկության հաղթողը:
Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում Երեւանի «Միկան» հաղթեց Գյումրիի «Շիրակին» 4:1 հաշվով եւ դարձավ մրցանակակիր: