Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess (2)
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները առայժմ ստվերում են. արագ շախմատի աշխարհի առաջնություն

 

Սամարղանդում մեկնարկել է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Մրցումային առաջին օրը կայացան արագ շախմատի տուրերը:

Տղամարդկանց մրցաշարում 5 տուրից հետո 4,5-ական միավոր են վաստակել 5 շախմատիստ: Դրանց թվում է նաև աշխարհի նախկին չեմպիոն Մագնուսը Կառլսենը, որը 3-րդ տուրում պարտության է մատնել մեր շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: Այնուհետև հաջորդում են 12 մասնակից, որոնք ունեն 4-ական միավոր:

Հայաստանի շախմատիստներից համեմատաբար հաջող է սկսել մրցաշարը Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 3,5 միավորով բաժանում է 18-44-րդ տեղերը: Նույնքան միավոր ունի նաև ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից Լևոն Արոնյանը: Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը վաստակել են 3-ական միավոր:

Այսօր տեղի կունենան 6-9-րդ տուրերը: Մեր շախմատիստները 6-րդ տուրում կհանդիպեն Հնդկաստանի, Իրանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Լեհաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:

Արագ շախմատի կանանց առաջնությունում կայացած չորս տուրից հետո աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են բուլղարուհի Նուրգյուլ Սալիմովան և չինուհի Ժու Ջիները: Մերոնցից Էլինա Դանիելյանն ունի 2,5, Սուսաննա Գաբոյանը՝ 2, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ 1 միավոր:

Այսօր կկայանան 5-8-րդ տուրերը: Մեր շախմատիստուհիներն առաջիկա տուրում կմրցեն Ուզբեկստանի և Սերբիայի ներկայացուցիչների հետ:

Տղամարդկանց առաջնության մրցանակային հիմնադրամը կազմում է 350, իսկ կանանցը՝ 150 հազար դոլար: