Բացել լրահոսը Փակել լրահոսը
06a20000-0aff-0242-9c94-08db007b34bf_w1023_r1_s (1)
A A
Հասարակություն

Ադրբեջանն արտաքսում է երկու ֆրանսիացի դիվանագետների

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի հայտնել է, որ ֆրանսիացի երկու դիվանագետներին հրամայվել է հեռանալ երկրից դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի իրենց գործողությունների պատճառով, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի դեսպան Անն Բոյյոնին կանչվել է արտգործնախարարություն, ուր նրան է ներկայացվել «խիստ բողոք Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցների գործողությունների կապակցությամբ»:

Առանց հավելյալ մանրամասներ տրամադրելու՝ ԱԳՆ նշում է, որ երկու դիվանագետներն էլ հայտարարվել են «անցանկալի անձ», որի արդյունքում նրանց պահանջ է ներկայացվել լքել երկիրը 48 ժամվա ընթացքում:

Այս քայլը տեղի է ունեցել երկրների միջև լարված հարաբերությունների ֆոնին, երբ Բաքուն մեղադրում է Ֆրանսիային Հայաստանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի մեջ՝ Եվրոպայի միջնորդությամբ Երևանի հետ Բաքվի խաղաղ բանակցությունների ընթացքում:

Նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել էր Հայաստանին զինելու միջոցով Կովկասում հակամարտություններ հրահրելու մեջ։

Նախագահ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հանդիպել են Եվրամիության միջնորդությամբ։ Սակայն հոկտեմբերին Ալիևը հրաժարվեց մասնակցել Փաշինյանի հետ Իսպանիայում բանակցություններին՝ Ֆրանսիայի «կողմնակալ դիրքորոշման» պատճառով։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ միասին պետք է միջնորդեին բանակցություններում։

Ֆրանսիան, որտեղ ապրում է մեծ հայկական սփյուռք, Ադրբեջանի կողմից պարբերաբար մեղադրվում է կովկասյան երկրների տարածքային հակամարտության շուրջ հայամետ դիրքորոշում ունենալու մեջ: