Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թրանսփերենսի
A A
Պաշտոնական

Թրանսփարենսի Ինթերնեշնը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելու ՀՀ Ազգային ժողովի արգելքը

ԹԻՀԿ-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով ՀՀ Ազգային ժողովի կողմից ԿԿՀ անդամի մրցույթի հարցազրույցը դիտարկելու արգելքը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) 31.10.2023թ. դիմել էր ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝ խնդրելով ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու նպատակով ԹԻՀԿ ներկայացուցչի մուտքի հնարավորությունը՝ դիտորդի կարգավիճակով:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանը պատասխան գրությամբ մերժել էր դիմումը, այն հիմնավորելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգի 14-րդ կետի դրույթով, ըստ որի՝ բացի տվյալ պահին հարցազրույցին մասնակցող հավակնորդից, այլ անձանց չի թույլատրվում ներկա գտնվել հարցազրույցի անցկացման սենյակում:

16.11.2023թ. ԹԻՀԿ-ը նույն պահանջը հասցեագրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ որպես փաստարկ, հղում անելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված նախադեպային դիրքորոշումներին։ Այդուհանդերձ, երկրորդ դիմումը նույնպես մերժվել է։

ԹԻՀԿ-ը գտնում է, որ խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տեղեկություններ փնտրելու և ստանալու իր հիմնարար իրավունքները և ՀՀ վարչական դատարանին խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ԱԺ-ի կողմից՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր հաստիքի համալրման մրցույթի հարցազրույցի փուլին ԹԻՀԿ ներկայացուցչի մասնակցությունը դիտորդի կարգավիճակով մերժելու գործողությունները: Դատարանում ԹԻՀԿ-ի ներկայացուցիչներն են փաստաբաններ Գենյա Պետրոսյանը և Դավիթ Գյուրջյանը։