Բացել լրահոսը Փակել լրահոսը
13122023
A A
Պաշտոնական

Դատապարտյալը հասանելիություն է ձեռք բերել անձանց «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակներին և նրանց անվամբ կնքել վարկային պայմանագրեր

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա.Հ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու համար:

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ դատապարտյալ Ա.Հ.-ն, 2021 թվականի հունիսի 10-ից մինչև 2022 թվականի ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում, զանգահարել է 49 տարբեր անձանց և տարբեր պատրվակներով խաբեությամբ ստացել նրանց հեռախոսահամարներին ուղարկված գաղտնաբառերը:

Գաղտնաբառերն ստանալուց հետո Ա.Հ.-ն հասանելիություն է ձեռք բերել նշված անձանց «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակիներին և դրանց միջոցով, նրանց անվամբ կնքել վարկային պայմանագրեր:

Նկարագրված եղանակով Ա.Հ.-ն կատարել է ընդհանուր 39 մլն 803 հազար դրամի համակարգչային հափշտակություն՝ գումարները փոխանցելով տարբեր բուքմեյքերական ընկերությունների՝ իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին:

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն):

Գլխավոր դատախազությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ իրենց էլեկտրոնային դրամապանակների, բանկային քարտերի տվյալներն այլ անձանց փոխանցելուց:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հանրային կապերի բաժին