Մերոնք առաջատարների խմբում են
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկած շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում հաջող են հանդես գալիս մեր երեք շախմատիստուհիները` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը:
Նրանք երկու տուրից հետո տարել են նույնքան հաղթանակ եւ ընթանում են առաջատարների խմբում: Էլինա Դանիելյանը առաջին տուրում պարտության է մատնել ադրբեջանցի Նարմին Նազիմովային, ապա Իտալիան ներկայացնող ռուս շախմատիստուհի Օլգա Զիմինային: Երրորդ տուրում մեր գրոսմայստերը կհանդիպի Վրաստանի ներկայացուցիչ Նինո Խուրցիձեի հետ:
Լիլիթ Մկրտչյանը առավելության հասավ համապատասխանաբար Բեթուլ Իլդիզի (Թուրքիա) ու Անդրեյիլա Ստոյանովիչի (Սերբիա) նկատմամբ: Այսօր մեր շախմատիստուհին կմրցի Լիլիթ Գալոյանի հետ, որն առաջին երկու տուրերում հաղթել է Ադրբեջանի երկու ներկայացուցիչներին:
Մեր մյուս 6 շախմատիստուհիները առայժմ անկայուն են հանդես գալիս եւ անհամեմատ ցածր տեղեր են զբաղեցնում:
Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքար են մղում 26 երկրների 132 շախմատիստուհիներ: Առաջնություն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով։