Բացել լրահոսը Փակել լրահոսը
New Project (32)
A A
Պաշտոնական

Ազդարարման նոր կայք՝ հայտնելու կոռուպցիոն և այլ դեպքերի մասին

Նոր կայք քաղաքացիների համար՝ հայտնելու կոռուպցիոն և այլ դեպքերի մասին․ Haytnir.am ազդարարման նոր հարթակն արդեն գործում է

Գործարկվել է նոր կայք՝ Haytnir.am-ը, որի միջոցով քաղաքացիները կարող են բացահայտ ու անանուն հայտնել իրենց հայտնի կոռուպցիոն և այլ դեպքերի մասին։ Haytnir.am ազդարարման առցանց հարթակի հիմնական նպատակն է՝ Հայաստանում խթանել կոռուպցիայի դեմ պայքարը, ստանալ հանրության աջակցությունը հակակոռուպցիոն պայքարում, օժանդակել ազդարարման համակարգի բարելավմանը, նպաստել ազդարարների վերաբերյալ Հայաստանում հանրության շրջանում ձևավորված իրավամտածողության և մշակույթի փոփոխմանը՝ ձգտելով ազդարարի՝ որպես ՀՀ քաղաքացու դրական և պահանջատեր իմիջի կերտմանը։

Haytnir.am հարթակը (կայքը) կոռուպցիոն ռիսկի, կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային ծառայողի շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված առերևույթ խախտման կամ այլ առերևույթ իրավախախտումների մասին ազդարարի կողմից ներկայացրած հայտերին (ազդարարումներին) արագ արձագանքելու և դրանք ըստ իրավասու մարմինների քննության ուղարկելու առցանց հարթակ է։

Այստեղ ապահովված է ներկայացված հայտերի պաշտպանության (անվտանգության) բարձր մակարդակ: Ծրագրերի համադրությունը ծածկագրում (կոդավորում) է ներկայացված տեղեկատվությունը և հետևաբար պաշտպանում է այն կողմնակի միջամտությունից:

Հայտ ներկայացնողները կարող են անանուն հանդես գալ և հաղորդել վերը նշված առերևույթ իրավախախտումների կամ այդ իրավախախտումների վերաբերյալ ողջամիտ կասկածների վերաբերյալ տեղեկատվություն։

Հարթակի խնդիրներն են՝

· գրանցել, ընդունել և ներկայացնել ստացված հայտերը ըստ իրավասու պետական մարմինների և ապահովել դրանց ընթացքը,

· հակակոռուպցիոն և ազդարարման ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ ազդարարների կողմից ներկայացված անանուն կամ տվյալները ներկայացնելու եղանակով ստացած տեղեկությունների հիման վրա հատկորոշել և իրականացնել փաստարկված բարեփոխումներ,

· ազդարարներին և լայն հանրությանը իրազեկել ազդարարման համակարգի, ազդարարների իրավունքների պաշտպանության միջոցների և իրավական երաշխիքների մասին, տեղեկացնել ոլորտի վերջին նորությունների մասին:

Haytnir.am ազդարարման առցանց հարթակը գործարկվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից: Հարթակը պատրաստվել է Եվրոպական Միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Ազդարարության բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

Հայտեր ներկայացնելն անվճար է։