Բացել լրահոսը Փակել լրահոսը
2 (7)
A A
Հասարակություն

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը տոնեց հիմնադրման 90-ամյակը

Այս տարի լրացավ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հիմնադրման 90-ամյակը։ Այս առիթով գրադարանում տոնական միջոցառում կազմակերպվեց սույն թվականի դեկտեմբերի 1-ին։

Շնորհավորելու էին եկել գրողներ, դերասաններ, մշակույթի գործիչներ, ընթերցողներ, որոնցից շատերի մանկությունն անցել է Խնկո Ապոր անվան գրադարանում։

Գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը ողջունեց ներկաներին և ասաց, որ 90 տարվա ճանապարհ անցած, դժվարություններ ու խոչընդոտներ հաղթահարած, բայց և նվաճումներ արձանագրած գրադարանն այսօր իր կայուն և առանձնահատուկ տեղն ունի հայաստանյան մշակութային դաշտում։ «Գրադարանը սոսկ մանկապատանեկան գրականության գրավոր ժառանգության պահոց չէ։ Այն արդեն 90 տարի Հայաստանում կրթամշակութային բազմազան ծրագրերի միջոցով ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում։ Մեր գրադարանի նպատակը մեկն է՝ որակյալ ծառայությունների մատուցմամբ ընթերցանության կազմակերպում և խթանում, իսկ առաջնահերթությունը երեխայի ընթերցելու իրավունքի պաշտպանությունն է»,- իր խոսքում նշեց Ռուզան Տոնոյանը։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը գրադարանին մաղթեց բեղուն գործունեություն և ընթերցողների քանակի ավելացում։ Նա ասաց․«Գրադարանում համատեղ բազմաթիվ հանդիպումներ ու միջոցառումներ ենք իրականացրել։ Այս գործը պետք է շարունակվի։ Ով գիրք է կարդում, գրքի աշխարհում է մեծանում, չի կարող վատ կամ չար մարդ լինել։ Ուղղորդեք երեխաներին լավ գրքեր կարդալ»։

Ցուցադրվեց գրադարանի 90-ամյա պատմությունը ներկայացնող տեսաֆիլմ, որն արխիվային լուսանկարներով ու տեսանյութերով պատմում էր գրադարանի տեղծման առաջին օրերից մինչև այժմ տեղի ունեցած իրադարձությունների, գրադարանն այցելած հայ մեծերի մասին։

Գրադարանի ակտիվ ընթերցողների մասնակությամբ ներկայացվեց գրական ժանրերը բացահայտող թատերական ներկայացում՝ բանաստեղծ, երգահան Էդուարդ Զորիկյանի սցենարով։

Գրադարանի 90-ամյա հոբելյանի շրջանակում ընթերցասրահում կազմակերպվել էր նաև հնատիպ գրքերի, գրադարանին ընծայագրված և գրադարանի հրատարակած գրքերի ցուցահանդես։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է մանուկներին և պատանիներին սպասարկելու համար։