Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Շրջանառվում է ԼՂ-ի կողմից ուսման վճարի փոխհատուցում ստացած ուսանողների աջակցության կարգը». Սարգիս Հայոցյան (տեսանյութ)

ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթական գործընթացների կազմակերպման մանրամասները:

Բանախոսի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 1837 ուսանող արդեն իսկ ներգրավված է ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում՝ համաձայն Կառավարության հոկտեմբերի 12-ի որոշման:

Ներկայում ուսանողների կողմից ներկայացված և բուհերից ուղարկված տվյալները նույնականացվում են Միասնական սոցիալական ծառայության և ԼՂ համապատասխան մարմիններից ստացված տվյալների հետ, որպեսզի մեկնարկի կրթաթոշակների տրամադրման գործընթացը:

«Նոյեմբերի 14-ին ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի կրկնօրինակի տրամադրման կարգը», - տեղեկացրել է Սարգիս Հայոցյանը:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը նաև հայտնել է, որ ներկայում շրջանառվում է ՀՀ բուհերում սովորող այն ուսանողների աջակցության ծրագիրը, որոնք ուսման վարձի փոխհատուցում են ստացել ԼՂ-ի կողմից: «Այս ուսանողները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կստանան ուսման վարձի փոխհատուցում՝ ըստ կիսամյակների», - ասել է Հայոցյանը:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ