Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստներից լավագույն արդյունք ցույց տվեց Սամվել Տեր-Սահակյանը

Մեն կղզում ավարտվեց «ՖԻԴԵ Գրանդ սվիսս» շախմատի խոշոր մրցաշարը:

Տղամարդկանց պայքարում հաղթող ճանաչվեց հնդիկ գրոսմայստեր Շանտոշ Գուջրաթի Վիդիթը, որը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր: Նրանից կես բալով ետ մնաց ամերիկացի Հիկարու Նակամուրան: Սույն շախմատիստները նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի երկու ուղեգրերը:

Հայաստանից մասնակցած 6 շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Սամվել Տեր-Սահակյանը: Հայաստանի գործող չեմպիոնը վաստակեց 6,5 միավոր և զբաղեցրեց 15-րդ տեղը: Նա կստանա 8 հազար դոլար պարգևավաճար:

Դրամական պարգևից անմասն չմնացին նաև Մանուել Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը, որոնք 6-ական միավորով կիսեցին 35-36-րդ տեղերը: Դրա համար նրանք կպարգևատրվեն 2000-ական դոլարով:

Գաբրիել Սարգսյանը 5,5 միավորով զբաղեցրեց 65-րդ, Հայկ Մարիտրոսյանը 5-ով՝ 82-րդ տեղը: Հրանտ Մելքումյանը, որը 6 տուրից հետո գտնվում էր առաջատարների խմբում, վերջին 5 պարտիաներում կրեց 3 պարտություն և վաստակած 4,5 միավորով ի վերջո հանգրվանեց 86-րդ հորիզոնականում:

ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի շախմատիստներ Սամուել Սևյանն ու Լևոն Արոնյանը 6,5-ական միավորով բաժանեցին 22-23-րդ տեղերը, իսկ Վարուժան Հակոբյանը 4 միավորով մրցաշարն ավարտեց 100-րդ հորիզոնականում:

Զուգահեռ կայացած կանանց մրցաշարում մեր շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը վաստակեց 4,5 միավոր և գրավեց 40-րդ տեղը: Էլինա Դանիելյանը նրանից ետ մնաց կես միավորով, ինչի պատճառով ճանաչվեց 44-րդը: Այստեղ հաղթանակ տարավ հնդկուհի Ռամեշբաբու Վաիշալին, որը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր: