Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հայրապետյանը ներողություն խնդրեց

Սպորտ
b12d6e2479ddb746f0aa939f0fc968aa

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Կոկա-Կոլա Հելենիկ» ընկերության հայկական մասնաճյուղի հետ միասին այս տարի անցկացնում է ֆուտբոլի դպրոցական գավաթի խաղարկություն: Մրցաշարին մասնակցում են ՀՀ մարզերի, Երեւան քաղաքի եւ Լեռնային Արցախի 400 հանրակրթական դպրոցների 1999-2001 թթ ծնված 3000 տղաներ եւ աղջիկներ:

Մայիսի 4-ից սկսվելու է երկրորդ փուլը, որին մասնակցելու են 1-ին փուլի արգելքը հաղթահարած Երեւանի 10 եւ մարզերի ու Լ.Արցախի 2-ական թիմեր:

ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այդ կապակցությամբ այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին շնորհակալություն հայտնեց «Կոկա-Կոլա» ՀԲԿԱ-ի տնօրինությանը այդ մրցաշարը հովանավորելու եւ նախաձեռնելու համար:

«Այս մրցաշարը մեզ հնարավորություն է տալիս էլ ավելի մասսայականացնել եւ զարգացնել ֆուտբոլ հանրապետությունում, այդ թվում միջնակարգ դպրոցներում»,-ասաց նա:

Սակայն մամուլի ասուլիսին ավելի շատ խոսք գնաց այլ թեմաների մասին: Լրագրողները կրկին անդրադարձան մարտի 26-ին կայացած Հայաստան - Ռուսաստան խաղին տոմսերի եւ մարզադաշտ մտնելու հետ առաջացած խնդիրներին: «Այո, մարզադաշտ մտնելիս երկրպագուները որոշակի խնդիրներ են ունեցել, քանի որ խցանումներ են առաջացել: Պատճառը եղել է այնլ, որ մոտ 3000-5000 ֆուտբոլասերներ ցանկացել էին պատճենահանած տոմսերով մտնել մարզադաշտ: Ես ներողություն եմ խնդրում այն երկրպագուներից, որոնք այդ պատճառով դժվարությամբ են մտել մարզադաշտ»:

Ռուբեն Հայրապետյանը նաեւ ավելացրեց, որ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը չի բողոքել ՀՖՖ-ին` կապված այն ռուս երկրպագուների հետ, ովքեր խաղի տոմսերը ձեռքերին չեն կարողացել դիտել հանդիպումը:

«Մենք նախապես զգուշացրել էինք, որ Ռուսաստանի երկրպագուները չեն կարող տեղ զբաղեցնել այն տրիբունաներում, որոնք հատկացված էին մեր ֆուտբոլասերների համար, եթե անգամ նրանք տոմսեր էին ձեռք բերել իրենց ծանոթների օգնությամբ կամ դրանք գնել էին վերավաճառողների մոտից» - եզրափակեց ՀՖՖ նախագահը: