Teenagers for peace - ը` արցախցի երեխաների համար
Աջակցիր «Ա1+»-ինՄարիան Արցախից Երևան տեղափոխված երեխաներից մեկն է, որը մասնակցում է Teenagers for peace բարեգործական նախաձեռնության կազմակերպած ծրագրին։ Երկու ընկերուհիների` Դայանայի և Դանիելայի հետ հարազատներից է տեղեկացել ծրագրի մասին ու որոշել դիմել։ «The LOFT» ժամանցի և ինքնազարգացման կենտրոնում են հավաքվել ծրագրին դիմած երեխաների առաջին խումբը։ Դահլիճում երեխաներից քչերն են իրար ճանաչում, քանի որ ապրել են Արցախի տարբեր շրջաններում, բայց այս երեք ընկերուհիները իրար լավ գիտեն, քանի որ Ստեփանակերտում են ծնվել և մեծացել։ Թե ինչպես են անցկացնելու օրը, Մարիան դժվարանում է պատասխանել. Teenagers for peace բարեգործական նախաձեռնության հիմնադիր Էլեն Թևոսյանը ասել է` անակնկալ է։ Նրանք հետեւում են Էլենին, ով ծանոթանում է երեխաների հետ և հետաքրքրվում նրանց նախասիրություններով։ Ապա սկսում են խաղ` միմյանց ավելի լավ ծանոթանալու համար։ Ժամացույց խաղը պասիվ դահլիճը վերածեց ուրախ խաղահրապարակի։ Երեխաները կիսվում էին պատմություններով, հետաքրքություններով և նպատակներով։
Նախաձեռնության նպատակն է` կազմակերպել Արցախից բռնի տեղահանված երեխաների առօրյան և ինտերգրել նրանց նոր միջավայրին։ Նույն նախաձեռնությունն Էլենն իրականացրել էր նաև 2020 թվականին, այս անգամ փոխվել է երեխաների քանակը և ծրագրի ֆորմատը։
«Ունենալու ենք կրթական, մշակութային և ժամանցային տարբեր միջոցառումներ, որոնք կխթանեն երեխաների ինտեգրմանը»,-ասում է Էլենը։ Երեխաների մասին Էլենին տեղեկություններ է փոխանցել Անաիս Սարդարյանը, քանի որ այս շրջանում նա նույնպես զբաղվում է կամավորական աշխատանքներով և օգնում հազարավոր տեղահանված արցախցիների։ Էլենը նաև ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահն է։
Ուսանողները միշտ պատրաստակամ են օգնելու նրան և մասնակցելու կազմակերպչական հարցերին։ 2020 թվականից տարբեր կամավորություններ է արել նաև ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող` Արսինե Հովակիմյանը, ով, որպես ուսանողական խորհրդի ակտիվ անդամ, միացել է Էլենին։
«Շատ ցուցակագրված ուսանողներ կան, որ ցանկանում են մասնակցել կազմակերպչական հարցերին։ Ես միշտ պատրաստակամ եմ օգնել»,-նշում է Արսինեն։
Ծրագիրը ունենալու է ևս 3 փուլ` իր շուրջ համախմբելով 8-ից 16 տարեկան մոտ 130 երեխաների։