Բացել լրահոսը Փակել լրահոսը
83472cca-7dd7-4f47-9d11-816ad435e1c9_w1023_r1_s
A A
Հասարակություն

Մոլդովայում արգելափակվել է ռուսաստանյան լրատվամիջոցների 22 կայքեր

Մոլդովայի Տեղեկատվության և անվտանգության ծառայությունը երկրի տարածքում արգելափակել է ռուսաստանյան լրատվամիջոցների 22 կայքեր, ներառյալ՝ «RT»-ի, «Звезда»-ի և «Царьград»-ի համացանցային էջերը՝ հայտնում է մոլդովական «NewsMaker» լրատվական գործակալությունը։

Արգելափակման որոշումը պատճառաբանվել է, որ կայքերը տարածում են «ռազմական հակամարտության մեջ գտնվող և ագրեսոր ճանաչված երկրի պետական մարմինների» տեղեկատվությունը, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Ռուսաստանյան վերոհիշյալ երեք հեռուստաընկերությունների կայքերից զատ, արգելափակվել են «НТВ»-ի, «ВГТРК»-ի, «Рен-ТВ»-ի, «Мир»-ի, «РТР-Планета»-ի, «Вести»-ի և «Спас-ТВ»-ի կայքէջերը։

Ռուսական կողմը դեռ չի մեկնաբանել Մոլդովայի իշխանությունների որոշումը։

Ավելի վաղ՝ հաղորդվել էր, որ այս սեպտեմբերի կեսերին Քիշնևում ձերբակալվել է Կրեմլի կողմից վերահսկվող «Sputnik Moldova»-ի ղեկավար Վիտալի Դենիսովը։ Նրան արտաքսել են և 10 տարով արգելել մուտքը Մոլդովա։ «The Insider»-ի համաձայն, Դենիսովը «հատուկ ծառայության 72-րդ կենտրոնի (զորամաս թիվ 54777) սպա է, որը, ելնելով [Ռուսաստանի ռազմական հետախուզության՝] Հետախուզական գլխավոր վարչության նպատակներից՝ զբաղվում է օտարերկրյա լսարանում ապատեղեկատվության տարածմամբ»:

Ուկրաինա՝ ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժումից հետո, Մոլդովայի Տեղեկատվության և անվտանգության ծառայությունը երկրում արգելափակեց «Sputnik Moldova»-ի կայքը։ Արգելափակման պատճառն էր, որ ռուսաստանյան պետական լրատվամիջոցը կարող է «ազգային անվտանգության վրա ազդող ապատեղեկատվություն» տարածել։ 2023 թվականի մարտի 7-ին Մոլդովայի իշխանությունները նաև սահմանափակեցին ռուսաստանյան «Sputnik» պետական լրատվական գործակալության ևս հինգ կայքէջեր։ Մոլդովայում Ռուսաստանի ներկայացուցչությունը դատապարտել էր այդ գործողությունները՝ մեղադրանքները որակելով «քաղաքական»։

Այս ամենի ֆոնին, հիշեցնենք, 2023 թվականի հուլիսին «The Insider»-ը և «Jurnal TV»-ն հետաքննություն հրապարակեցին՝ Քիշնևում Ռուսաստանի դեսպանատանը գործող

հետախույզների մասին, ինչից հետո Մոլդովայից արտաքսվեցին ռուսաստանցի 45 դիվանագետներ։