Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ Հասարակություն

Ավիավթարում հրաշքով փրկված աշխարհի չեմպիոն Բոբի Չարլտոնը մահացել է (տեսանյութ)

86 տարեկան հասակում մահացել է անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Բոբի Չարլտոնը: Դեռևս 2020 թվականին նրա մոտ ախտորոշվել էր դեմենցիա հիվանդություն (մտավոր ֆունկցիաների քայքայում, հիշողության, նախկինում ձեռք բերված գիտելիքների և գործնական հմտությունների կորուստ):

Բոբի Չարլտոնը «Մանչեսթեր Յունայթեդի» այն հազվագյուտ ֆուտբոլիստներից է, որը 1958 թվականի հրաշքով փրկվել էր Մյունխենում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ: Նա 17 տարի շարունակ հանդես է եկել մանչեսթերյան ակումբում, որի կազմում դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր: Ֆուտբոլային կարիերան ավարտել է 1980 թվականին, հեռավոր Ավստրալիայում: 1984 թվականից սկսած եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» տնօրենների խորհրդի անդամ:

1966 թվականին նա Անգլիայի հավաքականի կազմում հռչակվել է աշխարհի չեմպիոն, ինչպես նաև ճանաչվել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, իսկ 1968-ին դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր:

Բոբի Չարլտոնի եղբայրը՝ Ջեկի Չարլտոնը նույնպես հանրահայտ ֆուտբոլիստ է, որը նրա հետ միասին դարձել է աշխարհի չեմպիոն: Նրանք հաճախ են խաղադաշտում մրցել իրար դեմ (տես նկարը), բայց միշտ եղել են օրինակելի եղբայրներ: Ավաղ, 1996 թվականին տեղի ունեցած ընտանեկան վեճից հետո Բոբի Չարլտոնն այլևս չի շփվել իր եղբոր հետ: Վերջինս մահացել է 2020 թվականի հուլիսին:

Բոբի Չարլտոնն Անգլիայի թագուհու կողմից արժանացել էր Սըր կոչման: