Անորակ գնդակ, ծխարձակող և ձայնային ճայտրուկներ. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի IDBank Պրեմիեր Լիգայում այսօր կայացավ 12-րդ տուրի կենտրոնական խաղը: Մրցաշարի առաջատար «Փյունիկը» Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում ընդունեց 3-րդ հորիզոնականում գտնվող «Արարատ-Արմենիային»:
Խաղն հիմնականում անցավ հյուրերի տարածքային առավելությամբ, սակայն հաշիվը 28-րդ րոպեին բացեց տանտերերի բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Վիլելան: «Արարատ-Արմենիան» միայն մրցավարի կողմից ավելացված ժամանակում կարողացավ գոլի վերածել խաղային առավելությունը: 90+1 րոպեին աչքի ընկավ քենիացի Տերա Ալվին: Գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1:
«Փյունիկը» վաստակեց 30 միավոր և պահպանեց առաջատարի իր դիրքը: «Արարատ-Արմենիան» այդ ոչ-ոքիից հետո վաստակեց 23 միավոր և հավասարվեց 2-րդ տեղում ընթացող «Ուրարտուին»: Իսկ ահա զուգահեռ կայացած խաղում 22 միավորով 4-րդ հորիզոնականում գտնվող «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց վերջին տեղում ընթացող Չարենցավանի «Վանին»:
Ի դեպ, «Փյունիկ» - «Արարատ» խաղի վերջում բավական ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ. տանտերերի ֆուտբոլիստի հուժկու հարվածից հետո գնդակը դիպավ «Արարատ-Արմենիայի» պաշտպանի ոտքին և ... պատռվեց: Դա վկայում է այն մասին, որ օգտագործվող գնդակներն այնքան էլ որակյալ չեն և ուժեղ ճնշման տակ կարող են շարքից դուրս գալ:
Խաղից անմիջապես հետո «Փյունիկի» ֆաները ծխարձակող ճայթրուքներ օգտագործեցին և միակ տրիբունան ծածկվեց կարմիր գույնի ծխով: Քիչ անց «Արարատ-Արմենիայի» ֆաներից մեկը ձայնային ճայթրուկ նետեց խաղադաշտ, որի պատճառով վիճաբանություն սկսեց ֆաների և մարզադաշտի աշխատողի միջև: Բնականաբար, նման գործողությունները ֆուտբոլային խաղերի ժամանակ կամ հետո չեն գեղեցկացնում այն, առավել ևս անցանկալի զգացողություններ են առաջացնում հանդիսականների, այդ թվում երեխաների մոտ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ֆուտբոլային ակումբները պետք է լուրջ պայքար մղեն նման երևույթների դեմ: