Ժոզե Մոուրինյոն մեղադրել է ՈՒԵՖԱ-ին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղից «Բարսելոնայից» կրած պարտության համար մեղադրել է հենց ՈՒԵՖԱ-ին:
«Եթե ես ամեն ինչ ասեմ, ապա այսօր իսկ կավարտեմ իմ կարիերան: Ես միայն մեկ հարց ունեմ: Ինչու: Ինչու կիսաեզրափակիչ խաղերում միշտ նույն բանն է տեղի ունենում: Մենք 0:0 հաշվի ժամանակ ուզում էինք ուժեղացնել հարձակման գիծը, սակայն մրցավարը թույլ չտվեց` դաշտից հեռացնելով անմեղ Պեպեին»,-ասել է նա:
Պորտուգալացի մասնագետը կարծում է, որ ՈՒԵՖԱ-ն մրցավարների օգնությամբ միշտ առջի ծառայություն է մատուցում «Բարսելոնային»:
«Այսօր հնարավոր չէր հաղթել «Բարսելոնային»: Միգուցե դա կապված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի (բարսելոնացիները անվճար գովազդում են այդ կազմակերպությունը) հետ, կամ Վիլյարի (խոսքը վերաբերում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին) հետ, որը ՈՒԵՖԱ-ի փոխնախագահներից է: Նրանք բոլորն էլ ազդեցիկ մարդիկ են: Սակայն ինչու նրանք պետք է այդքան շատ իրավունքներ եւ ազատություն ունենան» - եզրակացրել է պորտուգալացի մասնագետը:
Նշենք, որ երեկ կայացած չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվել է «Բարսելոնային»` 0:2: Հյուրերի կազմում երկու գոլերն էլ խփել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին, Բարսելոնայում: