Քաղցր տատիկը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաղցր տատիկ, այս անունն են տալիս ագարակցիները 83-ամյա Անիկ տատին: Ոչ միայն, որ տատը գյուղի քաղցրալեզուն է, այլ որ կոնֆետներով քաղցրացնում է գնացող-եկողների կյանքը:
«Անունս դրել են քաղցր տատիկ․ ամեն անցնելով կանֆետ եմ բաժանում, որ տենում եմ կռվում են, ասում եմ ազիզ ջան, հլա իրար համբուրեք, ձեռ-ձեռի տվեք չկռվեք, ազիզ ջան, իրար սիրեք, ցավդ տանեմ։ Էդպես լսում են ինձ ու անց ե կենում, ասում են՝ շնորհակալություն, տատիկ ջան», – ասում է Ագարակի բնակիչ Անիկ Չատինյանը։
Հայրը պատերազմում է զոհվել՝ չիմանալով, որ դուստր է ունենալու, մայրը նորից ամուսնացել է։ Որբ է մեծացել Անիկը, բայց երբեք չի չարացել մարդկանց ու աշխարհի վրա: Իրեն բաժին հասած դառը ճակատագրին հաղթել է երգով, պարով, ուրախ կենսակերպով:
«Շատ շուստրի ձևով մեցածել եմ, բայց որբ եմ էլել, ազիզ ջան, բայց հեչ որբություն չեմ զգացել, ինձ ուրախ եմ պահել։ Որտեղ եղել եմ՝ եղբորս ընտանիքն ա եղել, քրոջս, քաղցր ձևով ապրել ենք, ոնց որ մի ընտանիք», – պատմում է Անիկը։
80 տարիների ընթացքում չգիտի դողն ինչ է, հարկ եղած դեպքում բուսաբուժության է դիմում: Թոշակառուի կենսակերպի հետ չի հաշտվում, միաժամանակ երկու տեղ աշխատում է, հող մշակում, թռչուններ պահում:
«Ինչքան ուզում ա տրամադրությունս ընկած լինի, ասում եմ՝ ժպիտով դիմավորեք, կյանքը կարճ է։ Պիտի ուրախ լինես, որ մի էրկու տարի էլ երկար ապրես», – ասում է տիկին Անիկը։
Առողջության ու առույգության բանաձևը ոչ միայն լավ տրամադրությունն է, այլև լավ գենետիկան, ենթադրում է տատը։ Մայրը 100 տարին բոլորել է առողջ ու թարմ տեսքով: Կանացիությունը երբեք չկորցնող տատը հողի հետ ծանր աշխատանքից հետո էլ խնամված տեսքը պահպանում է:
«Կինը ինչքան ուզում ա մեծանա, իրա հագուկապը պիտի լավը ըլնի, ազիզ։ Գնահատված։ Մին էլ տենում ես պառավ կնանիք կան, փեշը քանդված, ռետուզը ծակ, կոշիկը ծռված։ Ես տեղ չեմ տալիս տենց բաներին։ Կինը ինչքան էլ մեծանա, պիտի կոկիկությունը հետը մեծանա», – ասում է Անիկ Չատինյանը։
Հարդարված, ներկված մազեր, շրթներկի վառ երանգներ․ սա պարտադիր է, ասում է տատը: Այս ամենին ավելացնում է լավատեսությունը ու ժպիտը և ստացվում է առողջության ու երկարակեցության բանաձևը:
«Հիմի ասենք էրկու տղա խմած ըլնին, իրար հետ կռվելիս լինին, խաղաղության աղավնի եմ ես։ Առաջ կգնամ, չեմ ամաչի։ Ասում եմ՝ ցավդ տանեմ, ինչ ա էլել, մեռնեմ ձեզ, հլա ձեռ ձեռի տվեք, աշխարհը փուչ ա, պիտի ուրախ լինես, միաբան», – ասում է Անիկ տատը։
Անիկ տատիկի մեղմ ու նուրբ ձայնը իսկապես հրաշքներ է գործում, գյուղի խոսք ու զրույցները, անախորժությունները մի քանի բառով հարթվում, գնում են: Այնպես որ, բարության ու ներողամտության իր անսահման կարողությունը զարմացնում է նաև համագյուղացիներին: 40 տարվա համատեղ կյանքից հետո ամուսինը ուրիշ մեկին է գտել, նոր կյանք սկսել, իսկ հիվանդանալուց հետո վերադարձել: Իսկ տատն ընդունել է ու դեռ ավելին:
«Իրա սիրածին էլ բերել եմ ստեղ, մի 15 օր, ինքը հիվանդացավ, 4 ամիս հիվանդ մնաց, ասավ՝ թող գա, տենա էլի։ 40 տարի էնտեղ ա էղել։ Բայց ես էլի ընդունել եմ ջերմորեն, մի հատ խանդ, մի բան չեմ ունեցել, ազիզ բալա։ Իրա մամային 40 տարի պահել եմ։ Ինչ կա էս աշխարհում, աշխարհը փուչ ա, մարդիկ դերասան, ցավդ տանեմ։ Պիտի համեստ ըլնես, միաբան ըլնես, էն չսիրվողին էլ սիրես, ազիզ ջան, քո անձի պես», – ասում է Անիկ Չատինյանը։
Տասնամյակներ գյուղական ակումբներում երգ ու պարի խմբակներ ղեկավարած տատի երգացանկից մինչև հիմա անպակաս են սիրո ու գեղեցիկի մասին երգերը:
Լավատեսությունը երբեք չկորցնող տատի խրատներն էլ բարության ու սիրո մասին են: Քաղցր տատիկը գյուղի ջահելների խորհրդատուն է, սիրո գովասանը:
«Ասում եմ՝ ձեր մեծերի հետ հաշտ ու խաղաղ էղեք, պատրոն, կեսուր, բոլորին հարգեք, գնահատեք, վատ բառ մի ասեք, հաշտ ու խաղաղ էղեք, ազիզ ջան։ Ձեր էրեխեքին էլ ընտիր ձևով դաստիարակեք։ Առաջին հերթին ընտանիքն ա դպրոցը, պիտի ընտանիքի մեջ խաղաղություն ըլնի», – ասում է լավատես տատը։
Մի աշխատանքից մեկին շտապող տատը տանից դուրս գալուց առաջ չի մոռանում վերցնել կոնֆետները, որ հանդիպող ծերերին ու փոքրերին բաժանի։ Սա նաև բարությունը շրջապատին փոխանցնելու համար։ Բարություն, որ մի պահ մոռացնել է տալիս ներկայիս դժնդակ օրերը, տխրությունը, քաղցրացնում կյանքը, որ հաղթում է մահին:
Մանրամասն՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում