Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Մեղրաքամն ավարտվել է, բայց մեղր չկա (տեսանյութ)

Մեղրաքամն ավարտվել է, բայց մեղր չկա։ Մեղվապահներն են ահազանգում։

Նախկինում մանկապարտեզի վարիչ, իսկ հիմա հաջողված մեղվաբույծ տիկին Լաուրան մեղվապահների ընտանիք հարս գալու առաջին օրվանից մեղրի շերեփը ձեռքից վայր չի դնում։ Արդեն հմտացել է այս գործում։

Լաուրա Պետրոսյանը

«Մեր ընտանիքում մեղու պահել ա սկեսրայրս, սկեսուրս, որ էն ժամանակ սովխոզի մեղվապահն ա էղել։ դե պարզ է, որ տանն էլ են պահել, ամուսինս էլ միշտ իրենց օգնել ա։ սովխոզում էլ ա օգնել մորը, էստեղ էլ», – պատմում է Դեբետ գյուղի բնակիչ Լաուրա Պետրոսյանը։

Ասում է՝ Դեբետում իրենց մեղրը բրենդ է համարվում, որովհետև երբեք շաքարավազ չեն տալիս։ Հենց դրանով էլ առաջատար է համարվում շուկայում։

Հարազատներն ու ծանոթները գիտեն, եթե ամուսիներով  չեն երևում, ուրեմն նրանց մեղվանոցում է պետք փնտրել։ «Մեղվանոցն իմ միկրոաշխարհն է։ Այն ինձ համար կարծես  պաշտպանություն լինի արտաքին աշխարհից։», -ասում է Լաուրան և հավելում․ մեղվաբուծությունը լուրջ մասնագիտություն է։ Մեղուները ուշադրություն են սիրում, իսկ նրանց խնամքը՝ մեծ աշխատանք պահանջում։ Հիմա նրանք 40 մեղվաընտանիք ունեն, բայց ասում է, որ ժամանակին կրկնակի է եղել։

«Ձմեռվա 3 ամիսը պիտի հետևենք, որ ձյունը չգա, ծածկի, մուտքերը փակի։ Կխեղդվեն, օդ ա պետք անընդհատ։ Պիտի մաքրենք, նայենք, վրայի ձյունն իջացնենք, որ խոնավություն չլցվի։ Անընդհատ պիտի հետևենք, ստեղ ըլնենք», – ասում է մեղվապահ կինը։

Տիկին Լաուրայի խոսքով՝ այս տարի գրեթե բերք չեն հավաքել։ Առատ անձրևների պատճառով մեղուները չեն կարողացել նեկտար հավաքել։ Նրանց աշխատանքին խոչընդոտել են նաև քամիներն ու կարկուտները։ 

Այս տարի մեղրի շուկայական արժեքը 5000 դրամից պակաս չի լինի, հատկապես, երբ մաքուր է, առանց հավելումների, վստահեցնում է։

Մեղվապահներին հիմա նաև մտահոգում է մեղուների միջև սկսված պատերազմը։ Փաստորեն որբ մեղվաընտանիքներ են լինում, որոնք այլ փեթակներից մեղր են գողանում։ Հիմա նաև մի հիվանդություն է տարածված, որի պատճառով փեթակները հանգչում են։ Մեղվապահները հիվանդության անունը Եվրոպական տիզ են դրել։

«Էս տարի մեղուները շատ ջղայինացած էին, ապտերազմի մեջ էին, նոր են հանդարտվել, մի քանի հատ սպանել են իրար արդեն։ Մի քանի փեթակ չկա։ Հիմա պետք ա տաքացումներ անենք։ Դեղ ենք դնում, էդ տիզն արդեն ամբողջ աշխարհով ա տարածվել, Եվրոպայից ա էկել էդ հիվանդությունը», – ասում է Լաուրա Պետրոսյանը։

Փորձառու մեղվաբույծը տարիների ընթացքում համոզվել է՝ բնությունն աստիճանաբար անբարենպաստ է դառնում՝ ծաղիկներից անուշահամ մեղր քամող մեղուների համար. հիվանդություններն են շատանում, մեծանում են նաև մեղվափեթակները կորցնելու վտանգները։ Բայց սա չէ, որ անհանգստացնում է տիկին Լաուրային։ Նա համաձայն է՝ «թող մեղր չլինի, բայց միայն թե խաղաղ լինի»։

Մանրամասն՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում