Բացել լրահոսը Փակել լրահոսը
ն
A A
Հասարակություն

Վարուժան Ավետիսյանի որդին Նիկոլ Փաշինյանի հետ չի առերեսվել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի գործով նախաքննության ավարտվել է։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 2-ի կեսօրին Դավիթ Ավետիսյանը Անգլիական այգու մոտ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին և վերջինիս ասել, որ պատասխան է տալու նահատակված հերոսների համար։

Դավիթին բռնությամբ բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, ապա քննիչը ձերբակալման որոշում էր կայացրել։ Դավիթ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել Էր ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: «Մինչեւ այս պահը չգիտենք, թե որ արարքն է խուլիգանություն, ինչպես է դա դրսեւորվել, տեղյակ չենք»,- «Ա1+»-ին ասաց Դավիթ Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Ըստ պաշտպանի՝ խնդիրը կապված է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետեւ գործն այդ հիմքով են հարուցել։ Երեք ամիս երկու օր է նախաքննությունն ընթացել։ Մինչդեռ նմանատիպ գործերով երեք ամիս է նախատեսված։ «Այսինքն՝ նախաքննության ժամկետը խախտել են, ժամկետ լրանալուց հետո են ավարտ հայտնել։ Դատախազը միջանկյալ որոշում է կայացրել, երեւի որպես բացառիկ գործ կամ որպես արդարադատության շահին անհրաժեշտ գործ, ժամկետը երկարացրել էր»,- ավելացնում է Արայիկ Պապիկյանը։

Նրա խոսքերով՝ երեք ամիս երկու օր տեւած նախաքննության ընթացքում չորս կամ հինգ օր են աշխատանք կատարել։ «Հիմա դատարանում պետք է հասկանանք, թե դատախազը ինչ բացառիկություն է տեսել այս գործում։ Փաշինյան Նիկոլի անձն է բացառի՞կ, թե՞ գործը»,- ավելացնում է պաշտպանը։ Ի դեպ, պաշտպանական կողմին հրավիրել էին նաեւ առերես հարցաքննությունների։

Պաշտպանական կողմը հրաժարվել էր, քանի որ հարցաքննությունը տեղի էր ունենալու ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ նրա թիկնապահների հետ։