A
A
Հայատյացությունը հնարավոր չէ վերացնել սոսկ բանավոր կամահայտնության միջոցով, անհրաժեշտ են համակարգված լուրջ գործնական կառուցակարգեր. ՄԻՊ
Աջակցիր «Ա1+»-ինՀայատյացությունը հնարավոր չէ վերացնել սոսկ բանավոր կամահայտնության միջոցով, անհրաժեշտ են համակարգված լուրջ գործնական կառուցակարգեր. Անահիտ Մանասյան
Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն զուգահեռ՝ ադրբեջանական մեդիա տիրույթում և սոցիալական հարթակներում ակտիվորեն տարածվում են հայերի նկատմամբ թշնամանք և ատելություն պարունակող հին և նոր տեսանյութեր, լուսանկարներ և այլ հրապարակումներ:
Ընդ որում, այդ ամենն ուղեկցվում է ադրբեջանական հասարակության կողմից հակահայկական և ատելության խոսք պարունակող մեկնաբանություններով, գովաբանվում են ադրբեջանական զինված ուժերի՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ կատարած մարդու իրավունքների խախտումները, այդ թվում՝ պատերազմական հանցանքներն ու դաժանությունները:
Պաշտպանը կրկին արձանագրում է, որ ադրբեջանական հասարակության նման անհանդուրժողական վերաբերմունքը հետևանքն ու ապացույցն է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց և էթնիկ զտումների քաղաքականության։
Ընդ որում, Ադրբեջանում հայերի նկատմամբ էթնիկ հիմքով ատելության քարոզչության առկայությունն արձանագրվել է նաև մարդու իրավունքների մոնիտորինգային միջազգային մարմինների կողմից, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի (CERD) 2022 թվականի սեպտեմբերի 22-ի՝ Ադրբեջանի՝ 10-ից 12-րդ պարբերական հաղորդումների վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում և Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ECRI) 2023 թվականի մարտի 29-ի զեկույցում։
Ինչպես կոմիտեն, այնպես էլ հանձնաժողովը իրենց մտահոգությունն են հայտնել հանրային քննարկումներում՝ ինչպես մամուլում և սոցիալական ցանցերում, այնպես էլ քաղաքական և հասարակական գործիչների խոսքում ազգությամբ հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրման և ռասիստական կարծրատիպերի տարածման կապակցությամբ։ Ավելին, մտահոգիչ է համարվել նաև դպրոցական դասագրքերում էթնիկ հայերի նկատմամբ խտրական խոսքի օգտագործումն ու անհանդուրժողականության քարոզչությունը։ Այս կապակցությամբ ECRI-ն արձանագրել է նաև երիտասարդության շրջանում՝ դպրոցում և դրանից դուրս, հայերի նկատմամբ ատելության խոսքի տարածվածությունը՝ ընդգծելով, որ այն կարող է պարարտ հող ստեղծել հետագա ռազմական գործողությունների համար։
Մատնանշելով նաև էթնիկ հայերի նկատմամբ ադրբեջանական հասարակությունում, այդ թվում՝ պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող ագրեսիվ հռետորաբանության առկայությունը՝ ECRI-ն ընդգծել է, որ չնայած ադրբեջանական իշխանությունների առարկությանն առ այն, որ բացասական վերաբերմունքն ուղղված է ոչ թե ազգությամբ հայերի, այլ որոշումներ կայացնողների նկատմամբ, այնուամենայնիվ, ադրբեջանական հանրային խոսքում ազգությամբ հայ որոշումներ կայացնողներին ուղղված քննադատության և հայերի դեմ ուղղված ատելության խոսքի սահմանը լղոծված է և գործնականում դրանց տարանջատումն անհնար է։
Պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանի՝ հայատյացության այս վտանգավոր քաղաքականությունը պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կազմակերպությունների ուշադրության կենտրոնում՝ նկատի ունենալով այն, որ տարիներ շարունակ իրականացված համակարգված քաղաքականության արդյունքում հասարակությունում արմատավորված այս վտանգավոր երևույթը հնարավոր չէ վերացնել ադրբեջանական իշխանությունների սոսկ բանավոր կամահայտնության միջոցով, այլ այդ ուղղությամբ անհրաժեշտ է կյանքի կոչել համակարգված լուրջ գործնական կառուցակարգեր:
Հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների կարևոր դերը մարդու իրավունքներին վերաբերելի, այդ թվում, նշված խնդիրների հաղթահարման գործում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իր մանդատի շրջանակներում շարունակաբար մշտադիտարկում է ատելության տարբեր դրսևորումները և հետևողական է հիշյալ երևույթի հաղթահարման գործիքակազմերի գործարկման հարցում: