Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանն այցելել է Կոնսերվատորիա

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:

Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ծանոթացել է կառույցի գործունեությանը, ընթացիկ աշխատանքներին, խնդիրներին ու առաջիկա ծրագրերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, որը Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է: Նա ներկայացրել է ստուդիայի ներկա գործունեությունն ու տեսլականը, առկա խնդիրները:

Նշվում է, որ, ըստ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի, պետական աջակցությամբ հիմնանորոգվում է Կոնսերվատորիայի մի մասնաշենքը, որի շինարարական աշխատանքների ավարտից հետո ուսանողները հնարավորություն կունենան ուսումնական գործընթացը կազմակերպելու բարեկարգված նոր միջավայրում:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Կոնսերվատորիայի ուսանողները, որոնք վերջերս են վերադարձել միջազգային մրցույթներից, հանդես են եկել երաժշտական կատարումներով. հնչել են դաշնամուր, սաքսոֆոն և ազգային նվագարաններ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է երիտասարդ երաժիշտների՝ միջազգային հարթակներում ելույթ ունենալու կարևորությունը՝ հայկական մշակույթը, հայ կատարողական արվեստը ներկայացնելու տեսանկյունից. «Շատ կարևոր է, որ հայի ազգանունը հնչի արտասահմանյան տարբեր բեմերում: Դա նաև հրաշալի փորձառություն է մեր երիտասարդների համար: Սակայն, միևնույն ժամանակ, կարևոր է, որ այդ  փորձառությամբ նրանք վերադառնան հայրենիք և շարունակեն ստեղծագործել և իրենց փորձը զարգացնել այստեղ»: ԿԳՄՍ փոխնախարարը շեշտել է նաև ՀՀ մարզերում երաժշտական կրթության զարգացման և առկա խնդիրների հնարավոր լուծումների անհրաժեշտությունը: