Բացել լրահոսը Փակել լրահոսը
Շառլ Միշել
A A
Պաշտոնական

Եվրամիությունն ակնկալում է, որ Աղդամով Արցախ օգնության առաքումը կխթանի կանոնավոր մատակարարումների վերսկսումը

Ազատություն ռ/կ

Եվրամիությունն արձանագրում է Աղդամի ճանապարհով Արցախ ռուսական մարդասիրական օգնության առաքումը և ակնկալում, որ դա կխթանի տեղի բնակչության համար մարդասիրական կանոնավոր մատակարարումների վերսկսումը:

«Եվրամիությունն ակնկալում է, որ այսօրվա զարգացումներին կհետևեն ավելի կոնկրետ քայլեր առաջիկա օրերին և շաբաթներին՝ կապված Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև նրանց իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսության, հաշտեցման ջանքերի և ընդհանուր հայ - ադրբեջանական խաղաղության գործընթացի հետ», - հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսնակը:

Եվրամիությունը վերահաստատում է իր խորին համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ կնքված համաձայնագրերին և Միջազգային քրեական դատարանի հրամանին համապատասխան: Հայտարարության մեջ նաև նշվում է մատակարարման այլ ուղիների «օգտակարությունը՝ ի շահ տեղի բնակչության»։

«Իրավիճակը տեղում արագորեն վատթարանում է: Կարևոր է ապահովել Ղարաբաղի հայերին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։ Աղդամ-Ասկերան երթուղու բացումն այսօր կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ ապահովելու, որ ինչպես Լաչինը, այնպես էլ Աղդամ-Ասկերան երթուղին օգտագործվեն», - ասված հայտարարությում։

Միշելը, ըստ հայտարարության, շարունակում է սերտորեն ներգրավված լինել՝ առաջնային ուշադրություն դարձնելով լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակին։

«Մասնավորապես, նախագահ Միշելը վերջին մի քանի օրերին ինտենսիվ շփումներ է ունեցել ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ», - նշում է խոսնակը՝ հավելելով, որ այս հարցող շփումներ են եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Նյու Դելիում Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում:

Այս ջանքերը, նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ներգրավվածությամբ, ուղղված են լարվածության թուլացմանը, Ղարաբաղի հայերին հումանիտար հասանելիության ապահովմանը և ապաշրջափակման համար լուծում մշակելուն, ասված է հաղորդագրությունում: