Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ատոմակայանի հետ փոշին կապ չունի (տեսանյութ)

Հասարակություն
0b8d7bf554c87f3fb513cd589ca438cd

Ամռանը Հայաստան են ժամանելու ՄԱԿ-ի Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության մասնագետներ, որոնց մասնակցությամբ կկատարվի Մեծամորի ատոմակայանի անվտանգության աստիճանի գնահատում:

Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց, որ ատոմակայանի անվտանգությունը հետևողականորեն բարձրացվում է. խստորեն պահպանվում են ատոմակայանի շահագործման բոլոր պահանջները:

Հայաստանի հարևան երկրների մտավախությունները, թե հայկական ատոմակայանի շահագործումը վտանգ է ներկայացնում նաեւ իրենց բնակիչների և շրջակա միջավայրի վրա, ըստ պարոն Մարտիրոսյանի, անհիմն են:

Ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարների մասին խոսելիս` Միջուկային անվտանգության հարցում Հայաստանի գլխավոր պատասխանատուն հայտնեց, թե Հայկական ատոմակայանում նմանատիպ իրավիճակ եղել է դեռևս 1982 թվականին, երբ հրդեհ էր բռնկվել ատոմակայանում և այդ իրավիճակում մեր մասնագետները կարողացել են կողմնորոշվել և լուծել խնդիրը:

Ինչ վերաբերում է ոչ ստանդարտ իրավիճակներին, ապա ատոմակայանը, ըստ նրա, այսօր կարող է դիմանալ 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժի, ընդ որում այդ դեպքում կգործեն անվտանգության բոլոր համակարգերը:

Մեծամորի ԱԷԿ-ը կշահագործվի մինչև 2016 թվականը:

Ի դեպ, պարոն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ այսօր հանրապետությունում նկատված փոշու առկայությունը ատոմակայանի հետ որևէ կապ չունի: