Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության հերթական նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության որոշմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ: ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ներկայացնելով հարցը, նշել է. «ՀԾԿՀ որոշմամբ արդեն դադարեցվել է ՀԷՑ ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործունեությունը։ Դրանից հետո ՏԿԵՆ-ը գրությամբ դիմել է ՀԷՑ-ի բաժնետերերին՝ առաջարկելով ՀՀ սեփականության իրավունքով օտարել 100 տոկոս բաժնեմասերը: Օրենքով սահմանված ժամկետում պատասխան չի ստացվել, ինչը նույնն է, թե ՀԷՑ-ի սեփականատերերը մերժել են Կառավարության առաջարկը: Սրանից հետո արդեն ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված կարգով սկսվել է հանրային գերակա շահ ճանաչելու մասին ընթացակարգի ապահովումը: Կայացել են հանրային լսումներ, օրենքով սահմանված կարգով բոլոր գործողություններն արված են»։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն սպասված էր և կանխատեսելի, որովհետև հայտարարվել էր այդ գործընթացի մասին։ «Չնայած մենք ակնկալիք ունենք, որ Հայաստանի համապատասխան մարմինները զուգահեռ կուսումնասիրեն նաև ՀԷՑ-ի մասնավորեցման գործընթացն ու դրա օրինականությունը: Նաև գործընթացները մեկը մյուսի հետ չենք կապում, որովհետև մեկը մյուսին չի խանգարում և չի բացառում։ Գնալու ենք այս ճանապարհով։ Հասել ենք մեր հերթական հանգրվանին»,- ասել է վարչապետը և հետաքրքրվել գնագոյացման խնդրով՝ ինչպես և ինչքան պետք է սեփականատերերին վճարել:
Ի պատասխան ՏԿԵ նախարարը ներկայացրել է ընթացակարգը՝ իրականացվում է գնահատում. «Արդյունքում ստացված գնի մասով ծանուցում է ուղարկվում ՀԷՑ-ի սեփականատերերին, որոնք իրավունք ունեն ընդունել առաջարկված գինը կամ սեփական գնահատումը պատվիրել։ Եթե ՀԷՑ-ի սեփականատերերը չեն համաձայնվում
Կառավարության առաջարկին, և իրենք էլ գնահատում չեն իրականացնում, առաջին գնահատմամբ գնահատված գումարը դրվում է դեպոզիտներում, և գործարքն ավարտվում է»։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր պլան Ա-ն հետևյալն է, որ դա դառնա պետական սեփականություն, և մենք կառավարման ենք հանձնում համաշխարհային թոփ ընկերության կամ ընկերությունների խմբին, այսինքն՝ մենք մասնավորեցնելու նպատակ չունենք: Սակայն եթե պարզվի, որ չենք կարողանում իրագործել այս պլանը, նոր կանցնենք ուրիշ պլանների քննարկմանը։ Առաջիկայում սա մեր կարևորագույն թեմաներից մեկն է լինելու»։
Երկրի ղեկավարը, մասնավորապես, նշել է. «2018 թվականին Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մենք ստանձնել ենք պարտավորություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ, որ Հայաստանից գողացված, թալանված, ապօրինի օտարված գույքերը վերադարձնելու ենք Հայաստանի Հանրապետությանը։ Մենք ասել ենք հեղափոխության ժամանակ և արձանագրել, որ տեղի ունեցածը սիրո և համերաշխության հեղափոխություն է։ Մենք արձանագրել ենք, որ վենդետաներ չեն լինելու, մենք արձանագրել ենք, որ բոլորն ունենալու են հնարավորություն ներգրավվել այն իրավիճակում, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում հեղափոխությունից հետո։ Այս ռազմավարությանը հավատարիմ ենք մնացել՝ բոլորին տվել ենք հնարավորություն և քննադատվել դրա համար։
Ի վերջո, գործընթացը հասել է իր լրումին, և բանը հասել է այնտեղ, խնդրում եմ սա ընկալել որպես քաղաքական հայտարարություն, որ մենք արձանագրել ենք՝ տրված հնարավորություններ օգտագործելու համար բոլոր տրամաբանական և անտրամաբանական ժամկետները սպառված են և, հետևաբար, դուռը և պատուհանը փակվում են։ Մենք օրենսդրական փոփոխություններ կանենք, որպեսզի ապօրինի գույքի բռնագանձման համակարգի այդ հնարավորությունը՝ 25%, 75% հաշտեցման, այդ դուռն էլ կփակենք։ Հիմա մենք կենտրոնացած ենք լինելու արդեն «հատիկ առ հատիկի», «լումա առ լումայի» եզրափակիչ արարի իրականացմանը, մանավանդ, որ արդեն դե յուրե բոլոր մեխանիզմները ստեղծվել են, և մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Քաղաքական առումով սա մեզ համար ապօրինի գույքի վերադարձի պրոցեսի անբաժանելի մասն է, և սա շատ կարևոր եմ համարում։ Այս գործընթացը քաղաքական իրողություն է, որ ժողովրդից տարվածը վերադարձվում է ժողովրդին»։
Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է նաև Աջափնյակում մայթերն ու տարածքներն ազատելու աշխատանքներին և ողջունել Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած գործողությունները։ Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ Երևանում և մարզերում որոշ գույքերի տարածքների վերադարձի հարցերը լուծվում են նաև բանակցությունների միջոցով։
Խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ հայ ժողովրդի պատմության նոր շրջափուլ կբացվի՝ նոր օրակարգերով ու նոր տրամաբանությամբ. վարչապետ
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը և նշել, որ այն համարում է իր առաջիկա ամենակարևոր անելիքը։
«Սա չի նշանակում, որ մենք որևէ այլ օրակարգից հրաժարվում ենք, բայց նաև ինքս ինձ համար այդպիսի խնդիր եմ դրել, կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031 թիվը, հասնել այդ խնդրի լուծմանը։ Բնականաբար, դա նաև Կառավարության և ընդհանրապես մեր քաղաքական թիմի անելիքն է, բայց ես՝ որպես ՀՀ վարչապետ, նաև իմ անձնական օրակարգի առումով շատ կարևոր եմ համարում, որ այս խնդիրը մինչև 2031 թվականը լուծենք: Այնպես չէ, որ նոր է այս ընկալումը ձևավորվել, բայց ես նաև ուզում եմ ասել, որ տեսնում եմ՝ կա այդ հնարավորությունը, հակառակ դեպքում չէի բարձրաձայնի այս և այլ ձևաչափերով: Առաջիկայում մենք պետք է կենտրոնացած լինենք այս օրակարգի վրա, կրկնում եմ՝ այդ թվում հեղափոխության ժամանակ գեներացված օրակարգերը, մեր ռազմավարական ծրագրերն ամենևին երկրորդ պլան չմղելով: Պարզ է՝ TRIPP նախագիծ, կոմունիկացիաների բացում, տնտեսական զարգացում, բայց սա նույնպես կարևոր շեշտադրում է, որ, այնուամենայնիվ, այդ օրակարգի ամենավերևում, ինձ համար ամենավերևում գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը, որով, իմ կարծիքով, Հայաստանի և ընդհանրապես հայ ժողովրդի պատմության մի շատ էական շրջափուլ կամփոփվի, և ընդհակառակը՝ նոր շրջափուլ կբացվի՝ նոր օրակարգերով ու նոր տրամաբանությամբ»,- ասել է երկրի ղեկավարը:
Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին
Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ կհատկացնի գիտության ոլորտին, որն պետք է ուղղվի երկու հիմնական նպատակներով՝ գիտական սարքավորումների ձեռքբերում, գիտական դրամաշնորհային հետազոտությունների իրականացում: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այս երկու ուղղությունները գիտության ոլորտում ռազմավարական առաջնահերթություններ են, և, մասնավորապես՝ 2021-ից սկսած՝ էական ներդրումներ են արվել գիտական սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ: «Արդեն իսկ տասնյակ միլիարդ դրամներ հատկացրել ենք այս նպատակին, որն օգնել է, որ մեր գիտական ինստիտուտներում և բուհերում ձևավորվեն լաբորատորիաներ, որտեղ հնարավոր է իրականացնել նորագույն ամենաարդիական հետազոտությունները, և նույնիսկ այն հետազոտությունները, որոնց համար նախկինում կարիք էր լինում դիմելու արտերկրի լաբորատորիաներին, այսօր այդ աշխատանքները կարողանում ենք իրականացնել Հայաստանում: Այս տարի այս միջոցառման համար բյուջեով նախատեսվել էր 2,25 մլրդ դրամ, միևնույն ժամանակ մենք 2026 թ.-ի բյուջեի կազմման պահին պլանավորել էինք մի ծավալ, որը նախատեսել էինք որպես առաջնահերթություն, և մեր պայմանավորվածությունն էր, որ այդ հարցերին կանդրադառնանք մրցույթների իրականացումից հետո՝ անհրաժեշտ միջոցները հատկացնելով: Ելնելով այս տրամաբանությունից՝ այժմ 12 գիտական կենտրոնների 21 սարքավորումներով վերազինման նպատակով առաջարկում ենք հատկացնել ևս 1,5 մլրդ դրամի չափով գումար, որը հնարավորություն կտա, որպեսզի մեր բուհերի և գիտական ինստիտուտների կարողություններն էլ ավելի զարգանան»,- ասել է նախարարը։
Ընդունված որոշման արդյունքում կավելանան նաև գիտական դրամաշնորհների հատկացումները։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ գիտության ոլորտի ցուցանիշները հիմք են տալիս ակնկալելու, որ այս ջանքերի շարունակականությունն ապահովելու է այն արդյունքները, որոնք ամրագրված են ինչպես Կառավարության ծրագրով, այնպես էլ գիտության զարգացման ռազմավարությամբ։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել՝ 2018 թվականից եռապատկվել է գիտության ֆինանսավորումը։
Կապահովվի հերթական սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. հատկացվել է ավելի քան 2 մլրդ դրամ
Կառավարության որոշմամբ առաջարկվում է 2026 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2,070,670.9 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, նախատեսվում է համաֆինանսավորել 15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագիր։ Ֆինանսավորումը նախատեսված է Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում՝ 2-ական, Արարատի ու Լոռու մարզերում՝ 6-ական, Կոտայքի մարզում՝ 4 ծրագրի համար։ Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է. «Այս որոշման հաստատմամբ արդեն 2026 թվականի պետական բյուջեից կունենանք 15 միլիարդ 236 միլիոն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»։
Վարչապետը ներկայացրել է համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերը։ Այսպիսով՝ գումար կհատկացվի հետևյալ աշխատանքների համար. Արագածոտնի մարզի՝ Թալին համայնքի Կարմրաշեն, Ոսկեթաս և Զովասար բնակավայրերում խմելու ջրագծերի հիմնանորոգում (ավարտված է, հիմնանորոգվել է 11,8 կմ երկարությամբ ջրագիծ, շահառուները՝ 361 տնային տնտեսություն), Ագարակավան բնակավայրում խմելու ջրագծի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 60%, կառուցվել է 10 կմ երկարությամբ ջրագիծ, շահառուները՝ 230 տնային տնտեսություն), Արարատի մարզի՝ Արարատ համայնքի Նոյակերտ, Արարատ քաղաքային և Արարատ գյուղական բնակավայրերի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ ((2-րդ փուլ, կատարված շինարարական աշխատանքները՝ 90%, ասֆալտապատվել է 4,6 կմ երկարությամբ ճանապարհ), Արարատ քաղաքային բնակավայրի մշակույթի տան վերանորոգում և հարակից այգու բարեկարգում (2-րդ փուլ, ավարտված է, բարեկարգվել է 670 քմ տարածք), Արմաշ, Երասխ, Պ․ Սևակ բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի և Ուրցալանջ բնակավայրի ջրամատակարարման համակարգի ՕԿՋ-ի կառուցման, ինչպես նաև Արարատ և Պ․ Սևակ բնակավայրերի ջրահեռացման համակարգերի կառուցում և Արարատ բնակավայրի ջրահեռացման կոլեկտորի վերակառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 80%, կառուցվել է 5 կմ ջրամատակարարման /ջրահեռացման համակարգ, շահառուները՝ 2128 տնային տնտեսություն), Ուրցալանջ, Վարդաշատ, Պ․ Սևակ և Զանգակատուն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում ասֆալտապատմամբ (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, ասֆալտապատվել է 1,3 կմ երկարությամբ ճանապարհ), Արտաշատ համայնքի Ջրաշեն բնակավայրի փողոցների նորոգում ասֆալտապատմամբ (ավարտական փուլ, ասֆալտապատվել է 928 մ երկարությամբ ճանապարհ), Բուրաստան բնակավայրում մանկապարտեզի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 80%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 150 սանի համար), Արմավիրի մարզի՝ Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի թիվ 6 մսուր-մանկապարտեզ, (կատարված շինարարական աշխատանքները՝ 60%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 150 սանի
համար), Հացիկ բնակավայրում մանկապարտեզի նոր շենքի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 60%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 110 սանի համար), Գեղարքունիքի մարզի՝ Սևան համայնքի Սևան բնակավայրի Բարեկամության, Խաղաղության, Կոմիտասի, Աշոտ Երկաթի, Ելենովկա և Բաբաջանյան փողոցների հիմնանորոգման աշխատանքներ (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, ասֆալտապատվել է 2.6 կմ երկարությամբ ճանապարհ), Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի լուսավորության համակարգի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 90%, կառուցվել է 3,5 կմ երկարությամբ լուսավորության համակարգ), Լոռու մարզի՝ Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի թիվ 4 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում-2-րդ փուլ (ավարտված է, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 70 սանի համար), Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ, Պուշկինո, Վարդաբլուր, Ամրակից և Կուրթան բնակավայրերի փողոցների տուֆով սալարկում (ավարտված է, սալարկվել է ընդհանուր 2,6 կմ երկարությամբ ճանապարհ), Գյուլագարակ բնակավայրում փողոցների տուֆով սալարկում (ավարտված է, սալարկվել է ընդհանուր 1 կմ երկարությամբ ճանապարհ), Փամբակ համայնքի Մարգահովիտ և Անտառամուտ բնակավայրերի փողոցների սալարկում տուֆով (ավարտական փուլ, սալարկվել է ընդհանուր 1,1 կմ երկարությամբ ճանապարհ), Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրի 18-րդ փողոցի, Նոր Խաչակապ բնակավայրի 2-րդ փողոցի, Լուսաղբյուր բնակավայրի փողոցների, Գոգարան բնակավայրի 1-ին, 2-րդ և 3-րդ փողոցների, Գեղասար բնակավայրի 6-րդ փողոցի, Ջրաշեն բնակավայրի փողոցների սալարկում տուֆով (կատարված շինարարական աշխատանքները՝ 60%, սալարկվել է ընդհանուր 6,8 կմ երկարությամբ ճանապարհ), Նոր Խաչակապ բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի կառուցում, Կաթնաջուր բնակավայրի խմելու ջրի ջրագծերի վերանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 80%, կառուցվել և վերանորոգվել է ընդհանուր 7,5 կմ երկարությամբ ջրագիծ, շահառուները՝ 300 տնային տնտեսություն), Կոտայքի մարզի՝ Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան բնակավայրի «Արև» մանկապարտեզի վերանորոգում և բակային տարածքի բարեկարգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 65%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 120 սանի համար), Աբովյան քաղաքի 9-րդ փողոցի 1/5 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի վերակառուցում և գույքի ձեռքբերում (1-ին փուլ, ավարտված է, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 288 սանի համար), Աբովյան համայնքի Բալահովիտ, Կաթնաղբյուր, Պտղնի բնակավայրերի փողոցների լուսավորության համակարգի կառուցում (ավարտված է, կառուցվել է 1,8 կմ երկարությամբ լուսավորության համակարգ), Գառնի համայնքի Գառնի, Գեղադիր և Գողթ բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքներ (ավարտված է, ասֆալտապատվել է 1,2 կմ երկարությամբ ճանապարհ), Սյունիքի մարզի՝ Կապան համայնքի Սևաքար բնակավայրում հանդիսությունների սրահի շենքի նորոգում (ավարտված է, նորոգվել է 350 քմ տարածք), Կապան բնակավայրի Համլետավան թաղամաս տանող ճանապարհի ասֆալտապատում՝ Մ-2-ից դեպի թաղամաս տանող (ավարտված է, ասֆալտապատվել է 1,3 կմ երկարությամբ ճանապարհ), Վայոց ձորի մարզի՝ Արենի համայնքի Արփի բնակավայրի ոռոգման ջրագծի կառուցում (ավարտված է, կառուցվել է 1 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, շահառուները՝ 120 տնային տնտեսություն, ոռոգվող հողատարածքները՝ 110 հա), Խաչիկ և Չիվա բնակավայրերում ոռոգման ներքին ցանցի կառուցում (ավարտված է, կառուցվել է 5 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, շահառուները՝ 160 տնային տնտեսություն, ոռոգվող հողատարածքները՝ 71 հա)։
Կառավարությունը 1.7 մլրդ դրամ է հատկացրել 47 համայնքներում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված 94 ծրագրերի համար
Կառավարության որոշմամբ 47 համայնքներում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված թվով 94 ծրագրերի համաֆինանսավորման համար կհատկացվի 1.7 մլրդ դրամ։
Գումարը կուղղվի հետևյալ ծրագրերի համար. Արագածոտնի մարզի՝ Ծաղկահովիտ բնակավայրի աղբանոցի սանիտարական գոտիավորման աշխատանքներ, Թալին համայնքի Արագածավան բնակավայրի մշակույթի տան վերանորոգման աշխատանքներ, Թալին համայնքի Դավթաշեն բնակավայրում հանգստի գոտու կառուցման աշխատանքներ, Արարատի մարզի՝ Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրում բազմաֆունկցիոնալ խաղահարթակի և հանրային հանգստի գոտու կառուցման աշխատանքներ, Այգեպատ բնակավայրում սպորտային համալիրի և հանգստի գոտու կառուցման աշխատանքներ, Դվին բնակավայրում խաղահարթակի և հանրային հանգստի գոտու կառուցման աշխատանքներ, Լանջազարդ բնակավայրի բազմաֆունկցիոնալ բացօթյա հանրային տարածքի կառուցման աշխատանքներ, Կանաչուտ բնակավայրում բազմաֆունկցիոնալ խաղահարթակի և հանրային հանգստի գոտու կառուցման աշխատանքներ, Նարեկ բնակավայրում մանկական խաղահրապարակի և մեծերի համար հանգստի գոտու կառուցման աշխատանքներ, Մասիս համայնքի Ղուկասավան բնակավայրի Սաթենի մսուր-մանկապարտեզի տարածքում ուսումնական ջերմատան կառուցման աշխատանքներ, Մասիս համայնքի Այնթապ բնակավայրում առուների նորոգման/արդիականացման աշխատանքներ, Դարակերտ բնակավայրում ֆուտբոլի դաշտի բարեկարգման աշխատանքներ, Նորաբաց և Դարբնիկ բնակավայրերի հասցեների տեղեկատվական համակարգի բարեկարգման աշխատանքներ, Ռանչպար բնակավայրում հանդիսությունների մոդուլային սրահի կառուցման աշխատանքներ, Սիս բնակավայրի գերեզմանատան ցանկապատման աշխատանքներ, Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի տարածքի բարեկարգման. մարզահրապարակի և խաղահրապարակի կառուցման աշխատանքներ, Փոքր Վեդի բնակավայրի տարածքի բարեկարգման, շատրվանի, մարզահրապարակի և խաղահրապարակի կառուցման աշխատանքներ, Արմավիրի մարզի՝ Արաքս համայնքի Լուսագյուղի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներ, Խորոնք բնակավայրում կանգառների կառուցման աշխատանքներ, Գրիբոյեդով գյուղի մինի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներ, Արմավիր համայնքի Այգեվան գյուղի մշակույթի տան հետնամասում արհեստական խոտածածկով մինի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներ, Արաքս գյուղում արհեստական խոտածածկով մինի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներ, Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի մշակույթի տան հարակից բակի բարեկարգման աշխատանքներ, Նորապատ բնակավայրի հանրային այգու բարեկարգման աշխատանքներ՝ շատրվանային համակարգի ներդրմամբ, Տանձուտ բնակավայրի կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ, Վաղարշապատ համայնքի Մրգաստան բնակավայրում պուրակի և բազմաֆունկցիոնալ ժամանցի վայրի կառուցման աշխատանքներ , Գեղարքունիքի մարզի՝ Գավառ համայնքի Գավառ քաղաքում ժամանակակից կինոդահլիճի կապիտալ վերանորոգման աշխատանքներ, Ճամբարակ համայնքի Թթուջուր գյուղում սպորտային այգու կառուցման աշխատանքներ, Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի մշակույթի տան վերանորոգման աշխատանքներ, Մարտունի համայնքի թվով 5 բնակավայրերում անօդաչու թռչող սարքերի (դրոնների) լաբարատոր սենյակների
վերանորոգման և ժամանակակից սարքավորումներով կահավորման աշխատանքներ, Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի մարզասրահի վերանորոգման աշխատանքներ, Դդմաշեն բնակավայրում տրանսպորտային կանգառների տաղավարների և նստարանների տեղադրման աշխատանքներ, Ծաղկունք բնակավայրի մանկապարտեզի չգործող մասնաշենքի վերանորոգման աշխատանքներ, Վարսեր բնակավայրում մինի ֆուտբոլի-բասկետբոլի դաշտի կառուցման աշխատանքներ, Վարդենիս համայնքի Վարդենիս բնակավայրի Բանավան թաղամասում այգու կառուցման աշխատանքներ, Լոռու մարզի՝ Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին վանական համալիրի բակի վերակառուցման. տարածքի բարեկարգման աշխատանքներ, Գյուլագարակ համայնքի Գարգառ բնակավայրի կենտրոնական զբոսայգու կառուցման աշխատանքներ, Թումանյան համայնքում Դսեղի Հայրենական Մեծ Պատերազմի հուշարձանի տարածքի բարեկարգման աշխատանքներ, Լերմոնտովո համայնքի Լերմոնտովո բնակավայրի արոտավայրեր տանող ճանապարհների վերանորոգման աշխատանքներ Բերդ համայնքի բնակավայրերի կենտրոնների բարեկարգում, կանաչապատում և խաղահրապարակների համալրում մարզասարքերով, Սպիտակ համայնքի Հարթագյուղ բնակավայրի զբոսայգու կառուցման աշխատանքներ, Ջրաշեն բնակավայրի պուրակի կառուցման աշխատանքներ, Ստեփանավան համայնքի քաղաքային ժամանակակից շուկայի կառուցման աշխատանքներ, Տաշիր համայնքի Տաշիր բնակավայրի բազմաբնակարան շենքերի ֆասադների փոխարինման և պատշգամբների ոճային վերակառուցման աշխատանքներ, Փամբակ համայնքի Փամբակ, Ազնվաձոր. Անտառամուտ, Արջուտ, Լեռնապատ, Դեբեդ. Եղեգնուտ, Վահագնի, Վահագնաձոր, Ձորագետ, Ձորագյուղ և Մարգահովիտ բնակավայրերում բացօթյա մարզահրապարակների կառուցման աշխատանքներ, Ֆիոլետովո համայնքի համայնքապետարանի բակի մաքրման և բարեկարգման աշխատանքներ, Ֆիոլետովո համայնքի համայնքապետարանի շենքի 2-րդ հարկի մասնակի վերանորոգման աշխատանքներ, Կոտայքի մարզի՝ Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրում ֆուտբոլի դաշտի և վազքուղու կառուցման աշխատանքներ, Աբովյան համայնքի Կամարիս բնակավայրում այգու կառուցման աշխատանքներ, Ակունք համայնքի Զառ բնակավայրում խաղահրապարակի կառուցման աշխատանքներ, Կապուտան բնակավայրում մանկական խաղահրապարակի կառուցման աշխատանքներ, Հատիս բնակավայրում խաղահրապարակի կառուցման աշխատանքներ, Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցման աշխատանքներ, Գառնի համայնքի նոր կանգառների կառուցման և գործող կանգառների վերակառուցման աշխատանքներ, Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի 12-րդ դպրոցի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ, Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի քաղաքային այգու սպորտային հրապարակի կառուցման աշխատանքներ, Ջրվեժ համայնքի Զովք, Ջրվեժ և Ձորազբյուր բնակավայրերում հանրային այգու կառուցման աշխատանքներ, Շիրակի մարզի՝ Ախուրյանի համայնքապետարանի շենքի դահլիճի վերանորոգման շինարարական աշխատանքներ, Բայանդուր բնակավայրում մինի ֆուտբոլի դաշտի կառուցման շինարարական աշխատանքներ, Վահրամաբերդ բնակավայրում մինի ֆուտբոլի դաշտի կառուցման շինարարական աշխատանքներ, Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի թվով 5 շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքներ, Գյումրի համայնքի հաղթանակի պուրակի վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ, Սյունիքի մարզի՝ Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի դեպի մանկապարտեզ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ, Ակներ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի վերանորոգման աշխատանքներ, Խնձորեսկ բնակավայրի թանգարանի
վերանորոգման աշխատանքներ, Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Արաքսաշեն թաղամասում կանաչապատ տարածքի կառուցման աշխատանքներ, Մեղրի քաղաքի դեպի բերդեր (ամրոցներ) տանող ճանապարհահատվածի (կածանի) վերակառուցման աշխատանքներ, Մեղրի քաղաքի Վարդանիձոր գյուղում խաղահրապարակի կառուցման աշխատանքներ, Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում խաղասենյակի հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ, Խոզնավար բնակավայրում փոքր ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներ, Կոռնիձոր բնակավայրի գրադարանի ու խաղասենյակի հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ, Վաղատուր բնակավայրի խաղասենյակի հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ, Տեղ բնակավայրում խաղահրապարակ-ժամանցային կենտրոնի կառուցման աշխատանքներ, Սիսիան համայնքի Անգեղակոթ, Շաղատ, Շաքի և Բալաք բնակավայրերում հուշարձանների և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ, Տոլորս, Սալվարդ և Թասիկ բնակավայրերում խաղահրապարակների և զբոսայգիների տարածքների բարեկարգման աշխատանքներ, Սիսիան համայնքի Շամբ բնակավայրում խաղահրապարակի կառուցման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ, Ույծ բնակավայրում խաղահրապարակի և զբոսայգու տարածքների բարեկարգման աշխատանքներ, Վայոց ձորի մարզի՝ Արենի համայնքի Արենի բնակավայրում զբոսայգի-պուրակի կառուցման աշխատանքներ, Ռինդ բնակավայրում զբոսայգի-պուրակի կառուցման աշխատանքներ, Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի մանկական խաղահրապարակի զինում և փոքրիկ զբոսայգու ստեղծման աշխատանքներ, Քարագլուխ և Շատին բնակավայրերում բետոնե հենապատերի կառուցման աշխատանքներ, Աղնջաձոր բնակավայրի երիտասարդական կենտրոնի և Թառաթումբ բնակավայրում մշակույթի տան վերանորոգման աշխատանքներ, Մալիշկա բնակավայրի փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ, Եղեգնաձոր քաղաքի լուսացույցների արդիականացում և կենտրոնական փողոցներում հասարակական տրանսպորտի կանգառների կառուցման աշխատանքներ, Գլաձոր բնակավայրի ջրամատակարարման համակարգի և կապտաժի վերանորոգման աշխատանքներ, Ջերմուկ քաղաքի Ձախափնյա թաղամասում մարզա-խաղահրապարակի կառուցման շինարարական աշխատանքներ, Վայք համայնքի Ազատեկ բնակավայրի խմելու ջրագծերի կառուցման աշխատանքներ, Տավուշի մարզի՝ Բերդ քաղաքի քաղաքային հրապարակի կառուցման աշխատանքներ, Դիլիջան համայնքի Հովք գյուղում հուշաղբյուրի կառուցման աշխատանքներ, Իջևան համայնքի Աչաջրի ֆուտբոլի մարզադաշտի վերանորոգման աշխատանքներ, Ազատամուտ բնակավայրի մշակույթի տան դահլիճի վերանորոգման աշխատանքներ, Մետաղագործների թաղամասի կոյուղու կառուցման աշխատանքներ, Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի փողոցների արտաքին արհեստական լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ, Բերդավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հիմնանորոգման աշխատանքներ։
Անդրադառնալով չզեկուցվող փաթեթով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ սրանք այն ծրագրերն են, երբ համայնքների բնակիչներն են ընտրում քվեարկությամբ. «Սա շատ լավ ծրագիր է և ուրախ եմ, որ դրանց ծավալները գնալով աճում են, և մարդկանց մասնակցությունը համայնքի կառավարման գործընթացներին ավելի առարկայական և ինստիտուցիոնալ է դառնում»։
Վարչապետը Կառավարության նիստում անդրադարձել է Հայաստանում մեկնարկող COP17 համաժողովին
Վարչապետը Կառավարության նիստում անդրադարձել է Հայաստանում մեկնարկող COP17 համաժողովին և նշել, որ մասշտաբային այս միջոցառման անցկացման համար մեծ աշխատանք է իրականացվել։ «Մեծ թվով հյուրեր են գալու Հայաստանի Հանրապետություն և ուզում եմ ընդգծել, որ մեծ թվով հյուրերի ներհոսքը նոր և մեծ հնարավորություն է մասնավոր հատվածի համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ամենն արվել է նաև մարդկանց կողմից գումարներ վաստակելու հնարավորություն ստեղծելու համար։
Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է նաև 2026 թվականին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի աճին։ «Վերջին տվյալներով՝ սեպտեմբերին նույնպես բոլոր ժամանակների սեպտեմբերի համար ունեցել ենք զբոսաշրջության ռեկորդային ծավալ, կարծում եմ՝ 2026 թ. հոկտեմբերն էլ լինելու է այդպիսի ռեկորդային։ Եվ մեծ հավանականությամբ, ընդհանրապես, 2026 թ. զբոսաշրջության առումով լինելու է ռեկորդային։ Կարծում եմ նաև, որ մեր վիճակագրությունը և ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ COP համաժողովները, բացի այդ ընթացքում մարդկանց ներհոսք ապահովելով, հետագայում շատ էականորեն մեծացնում են տվյալ երկրներում ուղղվող զբոսաշրջային հոսքերը»,- ասել է երկրի ղեկավարը՝ հաջողություն մաղթելով COP17 համաժողովը պատշաճ մակարդակով ընդունելու, իրականացնելու համար։
Կսահմանվեն տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում նոր տառերի և թվերի համադրություններ
Գործադիրը փոփոխություններ է կատարել «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ՝ տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում նոր տառերի և թվերի համադրություններ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Որոշմամբ նախատեսվում է ներառել նաև «XYZ» թվերի համադրությամբ համարանիշերի ձևաչափը՝ հաշվի առնելով քաղաքացիների հետաքրքրվածությունը նման համարանիշերի նկատմամբ և ապահովելով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի համադրությունների ամբողջականությունը։ Արդյունքում, կընդլայնվի քաղաքացիներին առանց աճուրդի տրամադրվող մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի շրջանակը, ինչպես նաև կապահովվի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նախատեսվող համադրությունների ամբողջականությունը։
Կսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգ
Գործադիրն ընդունել է որոշում, որի նպատակն է ապահովել օրենքով նախատեսված օրինականացման հստակ ընթացակարգ՝ պահպանելով հողային օրենսդրության, քաղաքաշինական նորմերի, սեյսմիկ և հրդեհային անվտանգության պահանջները, ինչպես նաև սեփականատերերի և երրորդ անձանց իրավունքները։ Ըստ այդմ՝ կհստակեցվի ամբողջ գործընթացը՝ փաստաթղթերի ներկայացումից, հաշվառումից և մասնագիտական գնահատումներից մինչև ցանկի հաստատում, օրինականացում, համայնքի ղեկավարի որոշում և իրավունքների պետական գրանցում։ Կտարանջատվեն մարմինների իրավասությունները, կսահմանափակվեն նույն հանգամանքների կրկնակի գնահատումը և անհարկի ձևական պահանջներով պայմանավորված մերժումները,
միաժամանակ կպահպանվեն անվտանգության, հողօգտագործման և երրորդ անձանց իրավունքների պաշտպանության պահանջները։ Նոր ընթացակարգը չի տարածվի պետական կամ համայնքային հողամասում ամբողջությամբ կամ մասամբ գտնվող կառույցների վրա։ Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքը դրա շրջանակում կարող է դիտարկվել, եթե ամբողջությամբ ինքնակամ է։ Ինքնակամ կառույցն իրականացրած անձը հաշվառումը և օրենքով պահանջվող փաստաթղթերը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն պետք է ներկայացնի մինչև 2027 թ. դեկտեմբերի 30-ը։ Նախարարությունը ստուգելու է փաստաթղթերի համապատասխանությունն օրենքին և մինչև 2028 թ. հունվարի 10-ը, կազմի Կառավարություն ներկայացվող օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկի նախագիծ՝ մինչև փետրվարի 20-ը հաստատելու համար։ Ցանկում ընդգրկվելը դեռևս օրինականացում չէ։ Հողամասի սեփականատերը օրինականացման համար պետք է դիմում ներկայացնի համայնքի ղեկավարին, կատարի տուրքի անհրաժեշտ վճարումները։ Օրինականացման մասին որոշում կայացնելու դեպքում այն ներկայացվելու է Կադաստրի կոմիտե՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման։
Մի շարք ապրանքների վրա 2027 թ.-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվի
Ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունը ներառելը 2027-ից որոշ ապրանքների համար ևս կլինի պարտադիր:
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ընդլայնելու այն ապրանքների ցանկը, որոնց մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում պետք է ներառել նաև հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը։ Ըստ այդմ՝ սահմանվել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը պարտադիր ներառվում է նաև համապատասխան ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող գարեջրի, վիտամինների, պատվաստանյութերի, դեղերի, կոնտրաստային նյութերի և հակաբեղմնավորիչների մատակարարման դեպքերում։