Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սերգեյ Սմբատյան
A A
Հասարակություն

Տնային կալանք՝ դիրիժորի նկատմամբ

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մասնակի բեկանել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ինչպես տեղեկացնում է նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը, Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Պաշտպանը որոշումն անընդունելի է համարում եւ տեղեկացնում, որ ներկայացվելու է վճռաբեկ բողոք։ «Սերգեյ Սմբատյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոցի կիրառումն ապօրինի է եւ անհիմն»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին ձերբակալվել, այնուհետեւ կալանավորվել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նրա հայրը՝ Իսրայելում նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։ Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպման, Սերգեյ Սմբատյանին՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության համար։