Բացել լրահոսը Փակել լրահոսը
38771
A A
Պաշտոնական

Կառավարությունը հիմնադրում է «Ռիփաբլիք պլազա» ընկերություն

Կհիմնադրվի «Ռիփաբլիք պլազա» ընկերություն, որն այնուհետև կընդգրկվի մասնավորեցման ծրագրում

Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու, ամրացնելու, գույքի ներդրմամբ «Ռիփաբլիք պլազա» բաց բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին» որոշում:

«Ռիփաբլիք Պլազա» ընկերության կանոնադրական կապիտալում նախատեսվում է ներդնել Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ քաղ. Երևան, Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող՝ 7809,9 քառ. մետր վարչական շենքը և դրա զբաղեցրած 0,262 հա հողամասը։ Որպես նոր գործիքակազմի կիրառում նախատեսվում է բարձր (առնվազն մեկ մլրդ դրամ և ավելի) արժեք ունեցող, իրացվելի և ներդրումային գրավչություն ունեցող մեկ և/կամ ավելի գույքերի ներդրմամբ ստեղծել 100 տոկոս պետական մասնակցությամբ նոր բաժնետիրական ընկերություններ, իսկ ֆոնդային բորսայի միջոցով ընկերությունների բաժնետոմսերի մասնավորեցման շնորհիվ գործուն քայլեր կկատարվեն արժեթղթերի շուկայի զարգացման բնագավառում։

Նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որի առաջին փուլով «Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերության ստեղծումն է։ Հաջորդ փուլերով նախատեսվում է նոր ստեղծված ընկերությունն ընդգրկել մասնավորեցման ծրագրում և ֆոնդային բորսայի միջոցով իրականացնել մասնավորեցման գործընթացը։ Ընդ որում, ընկերությունը մասնավորեցման ծրագրում ընդգրկվելու աշխատանքներին զուգահեռ պետք է կատարվեն նաև այլ աշխատանքներ՝ կապված գույքի գրավչության բարձրացման հետ։ Խոսքը ներդրումային (գործարար) նախնական ծրագրի մշակման, քաղաքաշինական, կոմունիկացիոն (ջրամատակարարում և ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում) սահմանափակումների, ինչպես նաև ենթակառուցվածքի ստեղծման կամ բարելավման հետ կապված խնդիրների լուծման մասին է։ Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքն իրենից բացառիկ արժեք է ներկայացնում իր տեղակայման, պատմական և մշակութային հուշարձան լինելու, ինչպես նաև շքեղ ճարտարապետության շնորհիվ, սակայն շենքի ներքին հարդարումը մեղմ ասած գտնվում է անմխիթար վիճակում և ունի կապիտալ վերանորոգման և ժամանակակից լուծումներով արդիականացնելու անհրաժեշտություն։ Այս ամենն իրականացնելու համար պահանջվում են խոշոր ֆինանսական միջոցներ, ինչը նախատեսվում է իրականացնել ոչ պետական միջոցների ներգրավմամբ։ Անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է 16,913,200.0 հազ.դրամ, ինչն էլ ընկած է նոր ստեղծվող ընկերության կանոնադրական կապիտալի հիմքում։ Նախնական ժամանակահատվածում ընկերության գործունեությունը և մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուն զուգահեռ այլ աշխատանքների իրականացումը՝ նախատեսվում է ապահովել տարածքը վարձակալությամբ տրամադրելու դիմաց ստացվող վարձավճարների հաշվին։ Գործադիր մարմնի կողմից 12-ամսյա ժամկետում կներկայացվի ընկերության գործունեության եռամյա ծրագիր, որն ուղղված կլինի Ընկերության գույքի կառավարման արդյունավետության և գրավչության բարձրացմանը, իսկ կոմիտեի նախագահն ընկերության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն կներկայացնի ՀՀ կառավարություն։

Կառավարության ղեկավարն անդրադարձել է ընդունված որոշմանը և նշել, որ այն բավական երկար քննարկված հարց է. «Լավ լուրն այն է, որ մենք ինչ քննարկում ենք, դրանք ի վերջո դառնում են որոշումներ: Հիշում եք՝ մենք մի քանի անգամ քննարկել ենք այն հարցը, որ գրավիչ գույքերը դրվում են մասնավորեցման, բայց հետաքրքրություն չեն առաջանում: Մենք դեռևս ՔՈՎԻԴ-ի շրջանում քննարկել ենք այս հարցը, մտածում էինք, թե ինչ լրացուցիչ քայլեր կարող ենք անել տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով»: