Լավագույն արդյունք ունի Տիգրան Քոթանջյանը
Դուբայում շարունակվող շախմատի խոշոր միջազգային մրցաշարում մեր շախմատիստներից առավել հաջող է հանդես գալիս Տիգրան Քոթանջյանը:
Հինգերորդ տուրում նա հաղթելով հնդիկ Սուրենդրանին, վաստակեց 4 միավոր եւ բարձրացավ 18-րդ տեղ: Տիգրան Քոթանջյանը միայն կես միավորով է ետ մնում մրցաշարի երեք առաջատարներից:
Հինգ հնարավորից 3,5-ական միավոր ունեն մեր շախմատիստներ Դավիթ Գ. Պետրոսյանը, Կարեն Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը եւ Վլադիմիր Հակոբյանը:
Այս տուրում նրանցից հաջող հանդես եկան Վլադիմիր Հակոբյանն ու Կարեն Գրիգորյանը, որոնք հաղթանակ տարան: Աշոտ Անաստասյանն առաջին պարտությունը կրեց մրցաշարում, իսկ մյուսները բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով:
Ցավոք, անհաջողության մատնվեց Սամվել Տեր-Սահակյանը, որը 3 միավորով զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը:
Հաջորդ, 6-րդ տուրի հանդիպումները կկայանան ապրիլի 16-ին: Տիգրան Քոթանջյանը սպիտակներով կմրցի նորվեգացի Ջոն Լյուդվիգ Համերի հետ: