Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե մարդը չափահաս ա, ուզում ա ծրագրից օգտվի, էլ ինչի՞ ենք ասում՝ չէ՛, դու պետք ա 36 տարեկան լինես (տեսանյութ)

Գործադիրն ընդունել է որոշում՝ անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնմամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ 2023 թ. հուլիսի 11-ի դրությամբ անպտղությամբ տառապող  1500 զույգ դիմել է անպտղության հաղթահարման բժշկական օգնության և սպասարկման ծառայությունից օգտվելու համար, իսկ մինչև 2023 թ. տարեվերջ կանխատեսվում է ևս 750 շահառուի ներգրավում: Որոշմամբ նախատեսվում է ավելացնել պետբյուջեի «Մոր և մանկան առողջության պահպանում» ծրագրի  «Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ» միջոցառմանը հատկացված միջոցները 500 մլն ՀՀ դրամով:
 
 
 
Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը,  կարևորելով Հայաստանում անպտղության հաղթահարումը, դեռ 2019 թվականին մեկնարկել է պետպատվերի շրջանակում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ թանկարժեք ծառայությունների հասանելիությունը բնակչության համար:
 
 
 
«Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը, այն պարբերաբար վերանայվել է և կատարված փոփոխությունների արդյունքում նախկին 38 բնակավայրերի փոխարեն 194 սահմանամերձ բնակավայրերի բնակիչները հնարավորություն կունենան միանալ այս ծրագրին: Հաջորդ վերանայումը կապված էր 44-օրյա պատերազմի հետևանքների հետ, որի արդյունքում ծրագրի շահառու դարձան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, նրանց համար գործարկվեց նաև փոխնակ մայրության ծրագիրը»,- ասել է նախարարը:
 
 
 
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ծրագիրն ունի չափազանց մեծ պահանջարկ և արձանագրվում են բավարար արդյունքներ: Ծրագրի գործարկման ընթացքում արդյունավետությունը, այսինքն՝ ծնված երեխաների  թիվը կազմել է 31.4 տոկոս, ինչը բավարարում է զարգացած երկրներում միջին ցուցանիշներին: «Ծրագրի շրջանակներում զոհված զինծառայողների մայրերի համար տարիքային ոչ մի սահմանափակում չի գործում: Սույն թվականի հունվարին ծրագրի շահառու դարձան մինչև 36 տարեկան երկու տարի և ավելի անպտղություն ունեցող բոլոր անզավակ կանայք, սահմանամերձ բնակավայրերում ապրող 36-42 տարեկան կանայք, ովքեր ունեն երկրորդ բալիկ ունենալու դժվարություններ: Եվ այսպես միայն 2023 թվականի ընթացքում սպասարկվել և  բուժման տարբեր փուլերում են գտնվում 2876 շահառու, արձանագրվել է 301 հղիություն, ծնվել է  57 բալիկ 9 զոհված զինծառայողների ընտանիքներում: Աշխատանքներ ենք տանում նաև ծրագրի հասանելիությունը մեծացնելու մասով: Առաջիկայում մարզային քաղաքներում կբացվեն առաջին փուլը գործարկող կենտրոններ, կսկսենք Գյումրիից, այնուհետ Վանաձորում և Գորիսում ևս կունենանք այս ծրագրի իրագործման հնարավորություն»,- նշել է նախարարը:
 
 
 
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և առաջարկել  հնարավորինս ընդլայնել ծրագիրը և վերացնել տարիքային բոլոր սահմանափակումները։ Այսինքն՝  մինչև 36 տարեկան կանանց էլ տրվի ծրագրի շահառու դառնալու և վերարտադրողական բժշկությունից՝ անկախ ընտանեկան կարգավիճակից, օգտվելու հնարավորություն:
 
 
 
Վարչապետը նաև ներկայացրել է  այս տարվա առաջին 7 ամսում ծնունդների ցուցանիշները. այս տարի առաջին 7 ամիսներին 540-ով ավելի  երեխա է ծնվել, քան 2022 թ.-ին,  348-ով ավելի, քան  2020 թ.-ին, 368-ով ավելի, քան 2019թ.-ին: Նշվել է նաև, որ ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է վերջին 20 տարվա նույն ժամանակահատվածում գրանցված մահերի ամենացածր ցուցանիշը։ «2023 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է բնական հավելաճի ամենաբարձր մակարդակը՝ սկսած 2015 թվականից, կազմելով 4467 մարդ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և  կարևորել  արձանագրված ցուցանիշը ոլորտում իրականացվող ժողովրդագրական վիճակի բարելավմանն  ուղղված միջոցառումների համատեքստում: Նշվել է նաև, որ ժողովրդագրության ռազմավարության քննարկումներն առաջիկայում կավարտվեն. սեպտեմբերին կունենանք ռազմավարության վերջնական տարբերակը, որը միջգերատեսչական քննարկումներից հետո կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: