Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ոչ մեկ ինձ մոտ չմտնի, չասի՝ ձկնաբուծարանները կփակվեն, թո՛ղ փակվեն․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կառավարությունը հաստատել է Ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգը, Ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման կարգը, Ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպման կարգը, ջրօգտագործման թույլտվության վերանայման կարգը, Ջրօգտագործման թույլտվության կասեցման կարգը, Ջրօգտագործման թույլտվության ուժը կորցրած ճանաչելու կարգը, Ջրօգտագործման թույլտվության դադարեցման կարգը, Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը, Հորատանցքի անձնագրերի և հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը։

Նախագծի ընդունումը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-316-Ն Օրենքով և Վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N1099-Ա որոշմամբ, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունմամբ կապահովվի 2022 թվականի հուլիսի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-319-6-Ն Օրենքի պահանջների կիրարկումը և կկարգավորվի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացի իրականացումը՝ օրենսգրքի պահանջներին համապատասխան:

Թեմայի շրջանակում վարչապետը խոսել է բոլոր մակարդակներում ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտության, գլոբալ բնույթ կրող ջրի ճգնաժամի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում ահռելի ծավալների հասնող ջրի խնդրի,  ենթակառուցվածքների բացակայության կամ մաշվածության, մարզերում խմելու, ոռոգման ջրի, կոյուղու խնդիրների մասին:

«Ես կարծում եմ, որ սա մեր հաջորդ ռազմավարական ծրագիրը պետք է լինի, եթե հերթով թվարկեմ՝ ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական համակարգերի վերաբերյալ, մենք այս ծրագրերը հոսքագծի վրա դնելուց հետո, պետք է շատ լուրջ վերաբերենք ջրի պրոբլեմին: Եկեք խոստովանենք՝ Հայաստանի Հանրապետությունում ջուրը չի կառավարվում, ջուրն ուղղակի հոսում է: Կան կազմակերպություններ, պաշտոնյաներ, ընթացակարգեր, օրենքներ, կառավարության որոշումներ, բայց ջուրը Հանրապետությունում չի կառավարվում, և սա մեր մեծագույն խնդիրն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Անդրադառնալով Հայաստանում 15 ջրավազան կառուցելու հանձնառությանը, Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչ ընթացքում է այս հանձնառության կատարումը: Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը ներկայացրել է, որ 15 ընտրված ջրամբարների մասով աշխատանքային խումբն աշխատում է՝ սերտորեն համագործակցելով ՏԿԵՆ-ի և Ջրային կոմիտեի հետ։ Ըստ ներկայացված տվյալների, 15-ից 6-ի պարագայում արդեն կայացել են նախագծման մրցույթները, նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այդ 6-ից 3-ի դեպքում այս տարի նախագծերը պատրաստ կլինեն, իսկ մյուս 3-ի դեպքում՝ ևս 3 ամիս կպահանջվի: Այսինքն՝ տարվա վերջում, մյուս տարվա առաջին եռամսյակում 6-ի համար պատրաստ կլինեն նախագծերը: Դրանից հետո կլինեն մյուս փուլերը՝ մրցութային փաթեթների պատրաստում, շինարարության մրցույթի հայտարարում և հաջորդ քայլերը: Մյուս 9-ը, ըստ խորհրդականի, այն ջրամբարներն են, որոնց ցուցանիշները նախնական բավարար արժանահավատություն և խորություն չեն ունեցել, և ավելի խորն ուսումնասիրության կարիք ունեն։ Արտաշես Թումանյանը նաև տվյալներ է ներկայացրել ծավալների վերաբերյալ՝ ըստ մոտավոր գնահատականների, 6-ի դեպքում կհավաքվի մոտ 20 մլն խմ ջուր, իսկ 15-ը միասին՝ 100-110 մլն խմ ջուր:

Վարչապետը հավելել է, որ եթե ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ հիդրոռեսուրսները կլիմայի փոփոխության արդյունքում որոշակի փոփոխություններ են կրել և տեղորոշված վայրում ջրամբար ունենալը կարող է արդյունավետ չլինել, ապա պետք է այլ վայրում կառուցել ջրամբարները, քանի որ սա մի գործընթաց է, որը պետք է շարունակական լինի:

Կառավարության ղեկավարն արձանագրել է` առավել կարևոր խնդիր է այն, որ Հայաստանում ջրամբարներ նախագծող միայն մեկ ընկերություն կա և հավելել, որ պետք է միջոցներ ձեռնարկել ու արտերկրյա ընկերություններ ներգրավել, քանի որ մեկ ընկերության պարագայում ջրամբարների կառուցման տեմպը կարող է չափազանց դանդաղ լինել: «Այս պահին ասում ենք 15 ջրամբար, իսկ մեր ռազմավարությունը պետք է լինի 150 ջրամբար, 250 ջրամբար, 350 ջրամբար: Սրանք զուտ թվեր չեն, որովհետև խոսքը փոքր ջրամբարների մասին է: Հանրապետությունում վստահաբար կան շատ տեղեր, որտեղ դա հնարավոր է անել, այլ բան, որ այդ տեղերը պետք է գտնել, տեղորոշել, հաշվարկել և իրականացնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև ձկնարտադրության և դրա համար վատնվող ջրի ծավալների բալանսների խնդրին, ինչպես նաև հանձնարարել Սննդի անվտանգության տեսչությանը՝ խիստ վերահսկողություն սահմանել պարզելու` արդյոք ձկնաբուծարաններում արտադրված արտադրանքը համապատասխանում է սննդի անվտանգության ստանդարտներին: Հաջորդ խնդիրը, որին անդրադարձել է վարչապետը, վերաբերել է նրան, թե արդյոք կառավարության ընդունած որոշումից հետո կրճատվե՞լ  են 50 միկրոնից պակաս հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը:

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Կառավարության ղեկավարի կողմից բարձրացված խնդիրների կապակցությամբ ասել է. «Այս կարգավորումը հենց ջրօգտագործման թույլտվությունների կառավարման իմաստով շատ կարևոր է: Երկրորդը՝ 2024թ. հունվարի 1-ից Ջրային օրենսգրքով ուժի մեջ կմտնի ձկնաբուծարանների փակ շրջանառու համակարգը: Նաև ուզում եմ օգտվելով առիթից ասել, որ 2024թ. հունվարի 1-ից բոլոր ջրօգտագործողներն էլեկտրաչափական ջրաչափեր պետք է ունենան: Սա ևս կարևոր կարգավորում է, և որևէ փոփոխություն այս որոշումներում չի լինի: Կապված տոպրակներին հետ, ըստ էության, 2019թ. կարգավորումով՝ օրենսդրական փոփոխությունով, 2022թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորումը՝ առ այն, որ արգելվում է պոլիէթիլենային տոպրակների մինչև 50 միկրոն հաստության վաճառքը: Այստեղ, կարծում եմ. համայնքներն ինչքան հնարավոր է վերահսկողություն իրականացրեցին, բայց սա ամբողջական արդյունք չտվեց: Մենք հիմա նախագիծ ունենք, որով, ըստ էության, պոլիէթիլենային տոպրակների որևէ տեսակի և մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքն ենք արգելելու»: